Էկո առաջամարտիկ՝ անձ, որը ակտիվորեն փորձում է կանխարգելել շրջակա միջավայրին հասցվող վնասները։

Մոտավորապես այսպես է ձևակերպվում «էկո առաջամարտիկ» (eco-warrior)  եզրույթը Օքսֆորդի համալսարանի բառարանում, որն առաջ է քաշվել Միացյալ Թագավորությունում 1990-ականներին և վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք ակտիվորեն նախաձեռնում են էկո գործողություններ, կամ խթանում բնապահպանության գաղափարախոսության տարածմանը։

Այս մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են բնապահպանական կամ էկոլոգիական խնդիրներին լուծում տալով ու աշխատում են բնապահպանական հարցերի շուրջ։ Էկո առաջամարտիկները կարող են նաև ներգրավված լինել էկոլոգիական, բնապահպանական կազմակերպություններում, նախաձեռնություններում։

Էկո առաջամարտիկները պայքարում են բնության համար և փորձում են զերծ պահել այն կապիտալիստական շահագործումից։ Ըստ էության, նրանք մեծապես հարում են հակակապիտալիստական և ձախական գաղափարախոսություններին, պայքարում օդի, ջրի, հողի աղտոտման դեմ և հանուն կենդանիների իրավունքների։

Հանրահայտ էկո առաջամարտիկներ են բրիտանացի Դենիել Հուփըրը ( Daniel Hooper), բրազիլացի Չիկո Մենդեսը (Chico Mendes), նիգերիացի Կինուլ Բիսոն Սարո-Վիվան (Kenule Beeson Saro-Wiwa), ինչպես նաև ֆրանսիական լե Դեժոնֆլե (Les Dégonflés) էկո առաջամարտիկներից ձևավորված խումբը և Sea Shepherd Conservation Society, Greenpeace կազմակերպությունները։ Այս անունները կարելի է շարունակել և կարևորել այն հանգամանքը, որ հենց նրանք են առաջ քաշել բնության պահպանության կարևորագույն հարցը, «0 աղբի» գաղափարը, թափոնների վերամշակման անհրաժեշտությունն ու փորձը, էկոլոգիական գիտակվցության մասին քննարկումներն ու զարգացումը, և որն ամենակարևորն է, հենց նրանք էին, որ առաջ քաշեցին կենդանիների իրավունքների տեսությունը։

Կազմեց՝ Արտակ Ադամ

#EcoDiverCityInitiative #էկոբազմազանություննախաձեռնություն