2020 թվականի սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմը անսպասելի էր շատ հայաստանցիների համար․ նրանցից շատերը ծրագրել էին մի սովորական օր, որն անցնելու էր իր ամենօրյա ռիթմով։ Հանգստյան օր պետք է լիներ։

Բայց ցնցվեց ամբողջ Հայաստանը մեկ լուրով․ «Սահմանին հակառակորդն անցել է հարձակման»։ Հայաստանյան բազմազան հասարակությանը ցնցած լուրը անմասն չթողեց նաև հայաստանցի ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչներին, որի շատ անդամներ իրենց մասնակցությունն ունեցան պատերազմական գործողություններին, մի մասն էլ՝ կամավորական աշխատանքներին՝ թիկունքում։

Հոմոֆոբիայի բարձր ցուցանիշի պատճառով շատ մարդիկ նախընտրում են թաքցնել իրենց սեռական ուղվածությունը, ինչի հետևանքով տարածվող պատերազմի վերաբերյալ հետազոտություններում  բացակայում են այս համայնքի անդամների մասին տվյալները։

«Բազմազանություն» ՀԿ-ին հարցազրույց տված Ա․Խ․-ն, որը նույնականանում է որպես նույնասեռական անձ, ևս մասնակցել է ռազմական գործողություններին և հետևյալ նամակով դիմել հանրությանը․

«Պատերազմը սկսվեց․․․

Ժամը 7:30-ն էր, կարծում եմ (չեմ հիշում, խառնված էինք շատ)։ Ինձ արթնացրեց ընկերներիցս մեկը։ Սկզբից չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, մինչև ռումբի ձայնը չլսվեց, ու պատուհանները դղրդացին:

Միանգամից վեր կացա ու տեսա, որ տղաները, արդեն կեսը, պատրաստվել էին  (զրահաբաճկոն, սաղավարտ, ուսապարկ, զենք)։ Հանդերձավորվեցինք։ Ովքեր քնած էին, իրենց արթնացրեցինք։ Համարյա բոլորս պատրաստ էինք, բայց վաշտի հրամանատարը չէր կողմնորոշվում՝ ինչ անել (նոր էր նշանակվել մեզ մոտ)։ Մոտեցա նրան ու ասացի, որ գիտեմ՝ որ զենքը ու որ հաշվարկը որ դիրք պետք ա բարձրանա։ Վստահեց ինձ։ Ես ասացի՝ որ ջոկը, որ զենքի հաշվարկը որ դիրք բարձրանա։ Հերթականությամբ դուրս եկանք ու վազելով բարձրացանք։ Տեղանքը լեռնային էր, բարձրացանք դժվարությամբ, բայց արեցինք։ Բարձրանալուց ուժասպառ էի լինում ու իմանալով, որ չեմ կարող կանգնել՝ գոռում էի, որ մի ձև ուժ գտնեմ մեջս։

Հասանք։ Միանգամից գնացինք խրամատ։ Ամեն բան արդեն սկսվել էր։ Թշնամին առաջ էր գալիս փոքր ուժերով, հեռվում երևում էր զրահապատ տեխնիկան։ Սկսեցինք կրակ բացել, խոցեցինք  նրանց։ Թշնամին հետ նահանջեց, զրահապատ մեքենան խոցեցին մեր կողքի դիրքից։ Խուճապ սկսվեց նրանց մոտ։ Շտապօգնության մեքենան չէր հասցնում տանել վիրավորներին։

Թեժ պահը ավարտվեց, ու մենք որոշում էինք՝ ոնց ճիշտ կազմակերպել ամենը, բայց վերջում որոշեցինք բոլորս արթուն մնալ։

Գիշեր էր՝ մոտ 00:00-ի կողմերը (ժամ չկար մեզ մոտ, որ կարողանայինք հստակ իմանալ ժամը) Рация-ով (ռադիոկապի միջոցով) ասացին, որ մարդիկ են առաջանում մեզ օգնության։ Եկան աշխարհազորայինները։ Ասացին, որ մենք գնանք հանգստանալու։ Դե բնական էր՝ չէինք կարող իրենց թողնել դիրքը,  որովհետև նախ տեղանքին ծանոթ չէին, երկրորդն էլ՝ չգիտեինք, թե ովքեր էին։

Մի մասը գնաց հանգստանալու մյուս մասը մնաց հերթապահություն իրականացնելու։ Մոտ մի ժամ, ժամ ու կես հետո արթնացան տղաները ու միացան մեզ (պատմում էին, որ քնել հնարավոր չէր, որովհետև շատ ցուրտ էր կացարանում, դե որովհետև առաստաղը բաց էր, ու շատ ուժեղ քամի էր անում, սկզբի մի 10 րոպեն ոտքերը չէին զգում)։

Ու էդպես մինչև առավոտյան ժամը 7-ը մնացինք արթուն (4-ից 6-ը համարվում է դիվերսիոն հարձակման հիմնական ժամը)։

Արդեն լույսը բացվեց, ու գնացինք, որ քնենք։ Մի փոքր որոշեցինք նստել կացարանի կողքին։ Ու էդ պահին շարունակում էր թշնամին ռմբակոծել շուրջ բոլորը։ Մի պահ սուլոց լսվեց, մեզ թվաց՝ ուղիղ մեր գլխավերևում էր ռումբը, բայց բարեբախտաբար մոտ 50 մետր վերև ընկավ (դե քանի որ խիտ ծառեր էին մեզ շրջապատում, բեկորները մեր կողմ համարյա չեկան)։ Ու հենց էդ պահին հանգստացանք։ Մեկ էլ ուժեղ սուլոց լսվեց։ Շուրջբոլորը նայեցինք, ու զգացի, որ մոտենում ա դեպի ինձ։ Անցավ․․․ Անցավ ուղիղ պարանոցիս կողքով (մոտ 5 սանտիմետր էր մնում, որ դիպչեր ինձ)։ Էդ պահը աննկարագրելի էր․ ողջ կյանքդ ա անցնում դեմովդ ու հասկանում ես՝ ինչ բան ա կյանքը, ինչ ա նշանակում ապրել, ու հասկացա, որ կյանքը մեկ անգամ ա տրված ու այն պետք ա վայելել և ապրել ազատ, էնպես, ինչպես դու ինքդ ես ուզում։

Հա ես գեյ եմ, ով թաքցնում էր իր ով լինելը, բայց էդ մի ակնթարթը շատ բան փոխեց իմ կյանքում։ Սկսեցի կարևորել կյանքն ու նոր իմաստներ փնտրել կյանքում։ Սկսեցի ինքս ինձ հարցեր տալ՝ ով եմ, ինչ եմ ուզում ու ուր պիտի գնամ, արդյոք պատրաստ եմ ազատ ապրել, արդյոք պիտի պայքարեմ իմ իրավունքների համար։

Մի պահ բոլորը լռեցին․․․ Հետո ուրախացան, ասացին, որ «մազից պրծա» ու պետք ա շնորհակալ լինեմ, որ ողջ եմ մնացել։

Էդ նշանակում ա, որ դու դեռ լիքը բաներ պիտի անես, որ փոխես աշխարհը։ Մի պահ սկսեցի մտածել՝ հա՛, պետք ա փոխեմ, բայց ոչ մենակ, այլ՝ բոլորով։ Ու մինչև պատերազմի ավարտը մտածում էի էդ հարցերի ուղղությամբ։

Հա՛, ես դիրքի ավագն էի, հա՛, ես կարողացա իմ դիրքը պահել և էնպես պահել, որ ոչ մի զոհ չլինի դիրքումս։

Ճիշտ ա՝ աշխարհազորայինները ու կամավորները, ովքեր պատրաստ չէին էս ամենին, թերանում էին, բայց անձնակազմիս շնորհիվ կարողացանք օգնել ու շուտ պատրաստել նրանց ռազմական գործողություններին։

Հա՛, ինձ ամբողջությամբ չճանաչողները լիովին հերոս են պատկերացնում, մտածում են, որ պահել ենք մեզ վստահված դիրքը մինչև վերջ, բայց արդյոք նրանք նույն կարծիքին կմնան, եթե իմանան, որ ես նույնասեռական եմ։ Դժվար։ Բայց ես նույնն եմ ու արել եմ էդ ամենը ոչ միայն իմ, այլ՝ բոլորի համար։

Փոխե՛ք ձեր աշխարհընկալումը, ես նույն մարդն եմ իմ թերություններով ու լավ կողմերով, ինչպես որ դուք, բայց իմ նույնասեռական լինելը ո՛չ լավ կողմ ա, ո՛չ՝ վատ։  Էդ ես եմ ու վերջ, դրանով չեք կարող  վարակվել։

Ու ես ուրախ եմ, որ բեկորը անցավ իմ կողքով, քանզի դա շատ բան փոխեց իմ կյանքում, որովհետև ժամանակին ես չէի պայքարում իմ կյանքի, իմ իրավունքների համար, բայց հիմա կոչ եմ անում բոլորին (լինի նա նույնասեռական, երեխա, ռասիզմի զոհ, իրավունքները ոտնահարված կին կամ մեկ ուրիշը) ապրել իրենց կյանքը ու պայքարել իրենց ազատության համար։

Իմացե՛ք, որ կյանքը մեկ անգամ է տրված ու այն պետք է ապրել Ազատ։

Հետգրություն՝  հնարավոր ա էս ամենից հետո ինձ չհամարեք հերոս, բայց մինչ ձեր իմանալը ես հերոս էի ձեզ համար։ Հարց. ի՞նչը փոխվեց Ձեր մեջ»։

Խմբագիր | Արայիկ Բեյբության

Սրբագիր | Արտակ Ադամ

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ