Չնայած փոփոխություններին ու դպրոցներում սեռական կրթության դասավանդման անհրաժեշտության ու կարևորության վերաբերյալ տարբեր առիթներով քննարկումներին, այս թեման շարունակում է Հայաստանում մնալ տաբուացված և լայնորեն քննադատված։ 

Հայաստանում սեռականությունը չի դասավանդվում դպրոցներում որպես առանձին առարկա, և ոչ բոլոր դպրոցներն իրենց կրթական ծրագրերում ունեն համապատասխան դասընթաց, թեպետ երկրում գոյություն չունի սեռականություն դասավանդելու արգելք։ Դպրոցական  առարկայական ծրագրերում ներառված են սեռականության մասին որոշ նյութեր, ինչպես օրինակ կենսաբանություն, ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկաներում կամ առողջ ապրելակերպ դասընթացում, որն ընդգրկել է 2008 թվականին։ 

Չնայած սեռական կրթությունը դասավանդվում է այս առարկաներում, այնուամենայնիվ այն բավարար չէ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ բոլոր հարցերին անդրադառնալու համար։ Դեռ ավելին, այն հաճախ դասավանդվում է այնպիսի ուսուցիչների կողմից, որոնք չունեն համապատասխան գիտելիք և փորձառություն։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը սեռակրթությունը չի ընդգրկում դպրոցական ծրագրում տարաբնույթ պատճառներով։ Հայկական իրականությունում պատճառներից մեկը “սեքս” բառից խուսափումն է, հատկապես դպրոցում և պատանիների շրջանում: 

Սեռակրթությունը որպես դպրոցական առարկա ներմուծելու հավանականությունը ավելի ակտիվ սկսվեց քննարկվել 2018 թվականին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ կառավարությունը ձգտում էր ապահովել ավելի լավ պայմաններ քաղաքացիների համար և կատարել դրական փոփոխություններ կրթական համակարգում։ Սակայն 2020 թվականի Արցախյան 2-րդ (Լեռնային Ղարաբաղ) պատերազմը և սահմանի ճգնաժամային գործընթացները դանդաղեցրին և ի վերջո վերացրին դինամիկան՝ ներկայիս կառավարության ուշադրությունը թեքելով այլ քաղաքական խնդիրների կողմ։ 

Գիտելիքի բացակայության պատճառով Հայաստանում շատերը դեռևս հավատում են, որ սեռակրթություն դասավանդել նշանակում է դպրոցահասակ երեխաներին սեռական ակտի մասին պատմել։ Սա պատճառներից մեկն է, որ սեքսի մասին ցանկացած դիսկուրս ծայրահեղ արձագանք է ունենում։ Միևնույն ժամանակ, երեխաները, հաճախ, չեն ստանում անհրաժեշտ գիտելիք և կրթություն իրենց ընտանիքներում, և, հետևաբար, համացանցն է լրացնում այդ բացը՝ ռիսկի տակ դնելով երեխաներին և պատանիներին ու նրանց վրա բացասական ազդեցություն ունենում։ 

Սեռականությունը շարունակում է տաբու թեմա մնալ Հայաստանում, և շատ մարդիկ խուսափում են սեռակրթության վերաբերյալ որևէ քննարկում ունենալ, հատկապես անչափահասների մասնակցությամբ։ Չնայած կրթված երեխաները և մարդիկ, որոնք տեղեկացված են սեռականության, սեռի և նմանատիպ թեմաների մասին, ավելի մեծ շանսեր ունեն սեռական ոտնձգություններից պաշտպանվելու։ 

Այժմ Հայաստանում չկա հստակ վիճակագրություն դեռահասների հղիությունների, դրա հետևանքով դպրոցից դուրս մնալու, երեխաների նկատմամբ սեռական չարաշահումների և սեռական ճանապարհով վարակների փոխանցման վերաբերյալ։ Սա մեծապես արդյունք է նմանատիպ թեմաների շուրջ ձևավորված հասարակական տաբուների, որի պատճառով այսպիսի դեպքերի շուրջ զեկույցներ չեն պատրաստվում։ Հայաստանը 2020 թվականի մայիսին վավերացրել է «Երեխաների նկատմամբ սեռական չարաշահումների և սեռական բռնության» վերաբերյալ Եվրոպական Խորհրդի Կոնվենցիան։ Կոնվենցիան պահանջում է, որ երկիրը ապահովի երեխաներին սեռական բռնության, չարաշահումների և ռիսկերի մասին տեղեկությամբ։ Սակայն, իրականում, Հայաստանի դպրոցներում երեխաները այս թեմայի վերաբերյալ գիտելիք չունեն։ Կրթական համակարգը կարիք ունի բարեփոխումների, որպեսզի քայլի ժամանակին զուգահեռ և կյանքի կոչի վավերացրած միջազգային կոնվենցիաները։

#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands

Loading