Բազմազանություն սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2021 թվականի հունվարից մինչև մարտ ամիսն իրականացրեց Campanion Map Armenia  ծրագիրը, որի շրջանակներում ստեղծեց «Ուղեցույց» վեբ հավելվածը։ «Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավման համար։

Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը հարցումներ էր ուղարկել մի շարք պետական կառույցներ, այդ թվում նաև նախարարություններ, որոնց միջոցով անհրաժեշտ էր ստանալ տեղեկություն այն կառույցների ու վայրերի ներառականության և հասանելիության մասին, որոնք գտնվում են տվյալ պետական կառույցի ենթակայության ներքո։ Թերևս, մեծամասամբ հստակ և օգտակար տեղեկություններ հաջողվեց ստանալ միայն Երևանի քաղաքապետարանից և Հայաստանի Հանրապետության Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների նախարարությունից։

«Ուղեցույց» վեբ հավելվածում կարող եք գտնել մի շարք հանրային վայրերի ու կառույցների հասանելության մասին տեղեկություններ, տեսնել Հայաստանում և Արցախում ներառական երթուղայինների ճանապարհագծերը, ուղարկել արագ դիմումներ համապատասխան պատկան մարմիններին։ Ինչպես նաև կարող եք գրանցվել հավելվածում և շարունակել համալրել այն։

Այնուամենայնիվ, կազմակերպությունը հավաքագրել է Հայաստանի Հանրապետությունում հանրային վայրերի ու կառույցների ներառականության մասին մի շարք տեղեկություններ 2021 թվականի ապրիլի 15-ի դրությամբ։

Այսպիսով, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի փողոցներում և մայթերում առկա են թվով 31 թեքահարթակներ, առկա են 63 հասանելի վերելակներ, թեքահարթակի առկայությամբ թվով 4 դպրոց, 12 բնակելի շենք, և պոլիկլինիկա, որում կա 1 թեքահարթակ։

Արաբկիր վարչական շրջանի բոլոր փողոցներն ու մայթերն ունեն թեքահարթակներ, որոնց թիվը գերազանցում է 250-ը, բնակելի շենքերում հասանելի վերելակների թիվը կազմում է 50-ը, իսկ 2021 թվականին պլանավորվում է Վ․ Դավթյանի անվան զբոսայգում կառուցել նոր՝ ներառական զուգարան։

Աջափնյակ վարչական շրջանում 2019-20 թվականներին կառուցել են թվով 50 թեքահարթակներ և թույլ տեսնող անձանց համար 9 տարբեր վայրերում տեղադրվել են դեղին գոգավոր սալիկներ։ Առկա են թվով 38 հասանելի վերելակներ։։

Դավթաշեն վարչական շրջանոի կենտրոնական փողոցներում առկա են թեքահարթակներ, իսկ զբոսայգիներում թեքահարթակները հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Կենտրոնական այգում առկա է թվով 1 զուգարան, իսկ վարչական շրջանի բնակելի շենքերում թվով 48 հասանելի վերելակ։

Կենտրոն վարչական շրջանի բնակելի շենքերի մուտքերի լայնությունը բավարար է անվասայլակով անձանց ելումուտի համար։ Հասանելի վերելակների թիվը 69-ն է։

Էրեբունի վարչական շրջանում փոխարինվել են թվով 28 հասանելի վերելակ, ինչպես նաև Էրեբունու սմարթ անցուղում գործող հասարակական զուգարանում առկա է ներառական զուգարանի խցիկ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնական շենքերի մուտքերի դռների լայնությունը հասանելի է  անվասայլակով անձանց ելումուտի համար, հասանելի վերելակների թիվը հասնում է 114-ի, մատչելի են հետիոտնային անցումները, առկա են թվով 183 թեքահարթակներ, ինչպես նաև երկու զբոսայգիներում գործում են մատչելի զուգարաններ։

Նոր-նորք վարչական շրջանը հիմնականում ապահովված է թեքահարթակներով, իսկ հասանելի վերելակների թիվը 70-ն է։

Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակչության սպասարկման բոլոր կառուցները, ինչպես նաև հետիոտնային անցումները ապահովված են թվով 30 թեքահարթակներով։ Բնակելի շենքերի վերելակների դռների լայնությունները հիմնականում հասանելի են անվասայլակով անձանց ելումուտի համար։

Նուբարաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից չորսում առկա են թվով վեց վերալկներ, որոնց դռների լայնությունը բավարար է անվասայլակով անձանց ելումուտի համար, շրջանի փողոցների անցումներում առկա են թվով 55 թեքահարթակներ։

Շենգավիթ վարչական շրջանի հիվանդանոցների և պոլիկլինիկաների, 14 դպրոցների և 3 մանկապարտեզների մուտքերի մոտ առկա են թեքահարթակներ, Արշակունյաց պողոտայում, Մանանդյան, Չեխով, Մանթաշյան, Շիրակի և Արտաշիսյան փողոցներում կառուցվել են թեքահարթակներ, բազմաբնակարան շենքերում նորերով են փոխարինվել 34  հասանելի վերելակներ։ Վարչական շրջանում ձայնային ազդակակիր առկա է միայն Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների հատման մասում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 9 հիմնական դպրոցներից 7-ն ունեն թեքահարթակներ, 1 դպրոց ունի 2 ներառական սանհանգույց, 4 դպրոց մեկական ներառական սանհանգույց, մշակութային 6 կառույցներից մեկն ունի թեքահարթակ, 15 մանկապարտեզներից մեկն ունի թեքահարթակ, բազմաբնակարան շենքերում փոխարինվել են հասանելի 27 վերելակ։

Երևանի ենթակայություն 161 նախադրպոցական ուսումնական հաստատություններից 21-ի մուտքերի մոտ առկա են թեքահարթակներ։ Դրանք են՝ համար 2, 6, 30, 42, 60, 70, 76, 78, 82, 90, 92, 98, 112, 117, 125, 126, 134, 144, 153, 160, 162 հաստատությունները։

Երևան քաղաքում 2013-19թթ կառուցվել են 2547 թեքահարթակներ և 226 դեղին գոգովար սալիկներ։

Երևանի վերաբերյալ այլ տեղեկությունների՝ 2021 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, ԲՍՄԻ ՀԿ-ն չի տիրապետում, բացառությամբ նաև այն հասցեների, որոնք տեղորոշված են «Ուղեցույց» վեբ հավելվածում։

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող 25 հանրակրթական դպրոցներում առկա են թեքահարթակներ, հարմարեցված 12 սանհանգույց։       Մարզում գործող ԿԴԻՀ երեխաների ցերեկային խնամքի երկու կենտրոններում առկա են թեքահարթակներ՝ շարժասայլակի հասանելի տեղաշարժման համար և ներառական սանհանգույցներ: Արագածոտնի մարզի 15 բժշկական ամբուլատորիաներից 9-ում կան թեքահարթակներ կամ հարմարեցված են շարժասայլակի տեղաշարժման համար: Մարզի չորս բժշկական կենտրոններից՝ Աշտարակի, Թալինի և Ապարանի բժշկական կենտրոնների ստացիոնար ծառայություններում առկա են վերելակներ: Բոլոր բժշկական կազմակերպություններում դռների լայնությունը բավարար է շարժասայլակի տեղաշարժման համար։

ՀՀ Արարատի մարզի 56 բժշկական հաստատություններից՝ 35-ում առկա են թեքահարթակներ, 4 բժշկական կենտրոններում առկա են գործող և մատչելի վերելակներ:  Հանրակրթական 107 դպրոցներից թեկահարթակներ ունեն 25-ը: Զորակի և Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար  առկա են մատչելի սանհանգույցներ: Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցում առկա է վերելակ:

ՀՀ Կոտայքի մարզում համայնքային և պետական ենթակայության տակ գտնվող բոլոր հասարակական շինություններում առկա են թեքահարթակներ և հաշմանդամների շարժը հնարավոր է իրականացնել առաջին հարկի մակարդակում, սանհանգույցները հարմարեցված չեն, շարժասանդուղքները բացակայում են։

ՀՀ Շիրակի մարզի նոր կառուցված և վերակառուցված դպրոցները, մանկապարտեզները, բիզնեսկենտրոնները, հասարակական օբյեկտները, հիվանդանոցները, պոլիկլինիկաներն ապահվված են թեքահարթակներով:

ՀՀ Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում, դպրոցներում, մանկապարտեզներում առկա են թեքահարթակներ: Մարզի քաղաքներում առկա է թվով 39, 9-ը հարկանի բազմաբնակարան շենք, որոնք ունեն գործող հասանելի վերելակներ:

Ուսումնական և հասարակական նշանակության շենքերում դռների լայնությունը բավարար է շարժասայլակի ելումուտի համար: Մարզի բնակավայրերում բոլոր հետիոտնային անցումներին կից հատվածներում առկա չեն թեքահարթակներ: Տեղափոխման հարմարավետություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվում է «Հույսի Կամուրջ» կազմակերպությունների հարմարեցված ավտոբուսների միջոցով:

ԲՍՄԻ ՀԿ-ն փորձելով համագործակցել պետական և ոչ պետական մի շարք կառույցների հետ, առանձնացրել է մի քանի դիրտարկումներ, որոնք կարևոր է համարում։

Դիտարկումներ

  • Հաշմանդամությունը լինում է տեսանելի և ոչ տեսանելի և ունի բազմաթիվ դրսևորումներ։ Օրինակ անվասայլակ օգտագործող անձինք, չտեսնող կամ թույլ տեսնող անձինք և այլն։ Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսելիս, պետք է դիտարկել բոլոր տեսակները։
  • «Ուղեցույց» վեբ հավելվածի ուղղակի օգտատերեր են համարվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, չնայած նրան, որ համալրել կարող են բոլորը։
  • ԲՍՄԻ ՀԿ-ն աշխատում է բոլոր խոցելի ու թիրախավորված անձանց հետ, ինչը հավուր պատշաճի չի ընդունվում պետական կառույցների կողմից և նրանց կողմից մենք չենք տեսնում իրազեկվածության բարձր մակարդակ ՀՀ-ում խոցելի ու թիրախավորված անձանց մասին, ուստի հաճախ պետական կառույցները չեն կարողացել տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ։ Կոչ ենք անում պետական կառույցներում աշխատող անձանց լինել իրազեկ, հետևել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավական և օրինական նորմերին, ինչպես նաև միջազգային նորմերով սահմանված օրենքներին։
  • Քանի որ ԲՍՄԻ ՀԿ-ն աշխատում է նաև ԼԳԲՏՔ+ անձանց հետ, ծրագրի իրականացման ընթացքում այս հանգամանքն առիթ է հանդիսացել որոշ պետական կառույցների համար, որպեսզի խուսափեն համագործակցել կազմակերպության հետ։ Հետևաբար, մենք կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ ֆոբիաներից և լինել առավել համագործակցելի՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա։
  • Վերոնշյալ դիտարկումները հիմնականում տարածվում են նաև ոչ պետական կազմակերպություների ու ՀԿ-ների, ինչպես նաև անհատների վրա։

Առաջարկություններ

  • Մենք առաջարկում ենք հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կազմակերպություններին ստեղծել ցանցային առավել ընդգրկուն համագործակցություն՝ համատեղ քայլեր անելու ու լուծումներ տալու, մյուս կողմից առավել լայն լսարան գրավելու համար։
  • Պետական կառույցներին առաջարկում ենք համակարգային կերպով ձեռնամուխ լիներ հրատապ քայլեր ձեռնարկելու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման համար, ստեղծել բոլոր հնարավորությունները և զարկ տալ ներառական հասարակությանը կյանքի բոլոր ոլորտներում։
  • Առաջարկում ենք անհատներին և այլոց չլինել անտարբեր խնդրի նկատմամբ, բարձրաձայնել և լինել ներգրավված ու պահանջատեր։
T-phone: +37455793507
E-mail: ughecuyc@gmail.com
Telegram channel: https://t.me/ughecuyc

Loading