«Բազմազանություն» ՀԿ-ն այսուհետ հանդես կգա «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ անվամբ՝ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ի փոխարեն։

Ուրախ ենք տեղեկացնել, որ կազմակերպությունը 2021 թվականի սկզբին, պլանավորելով իր ռազմավարությունը, իրականացրել է կանոնադրական փոփոխություններ, այդ թվում պաշտոնապես սկսել հանդես գալ, որպես իրավապաշտպան կազմակերպություն։

Կազմակերպությունն արդեն գոյություն ունի ավելի քան երկու տարի, և այդ երկու տարիների ընթացքում զերծ չի մնացել իրավական և իրավաբանական գործունեությունից։ ԲՍՄԻ ՀԿ-ն բազմիցս արձանագրել է խոցելի ու թիրախավորված անձանց իրավախախտումների դեպքեր, հատկապես զինվորական կոմիսարիատներում ԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ։

Համավարակից ու Արցախյան երկրորդ պատերազմից հետո կազմակերպությունը կարիք գտավ առավել ընդգրկուն ներգրավվել իրավական գործընթացներում, ավելի ուշ՝ ընդլայնել թիրախային խումբը՝ իրավական առավել ընդլայնված գործունեություն իրականացնելու համար։

Ավելի կոնկրետ, կազմակերպությունն այսուհետ զբաղվելու է ոչ միայն ԼԳԲՏՔ անձանց սոցիալականացմամբ ու շահերի  պաշտպանությամբ, այլ նաև այլ գենդերային ինքնություն և սեռական ուղվածություն ունեցող անձանց, կանանց ու աղջիկների, ազգային և մշակութային այլ ինքնություն և հաշմանդամություն ունեցող և այլ անձանց սոցիալականացմամբ, շահերի և իրավունքների պաշտպանությամբ (խոցելի ու թիրախավորված անձինք)։

Մյուս կողմից ընդլայնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործունեության առարկան ու խնդիրները, այսուհետ ԲՍՄԻ ՀԿ-ի գործունեության մաս է կազմում․

  • Բնապահպանության ոլորտում ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների, ազգային և մշակութային այլ ինքնություն, նաև հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը խթանելը,
  • ՀՀ-ում ֆեմինիստական արժեքների տարածմանը, այդ թվում՝ ֆեմինիստական կրթության, հնարավորությունների ստեղծման, ոչ բռնի պայքարի ու ակտիվիզմի միջոցով նպաստելը,
  • Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների շրջանակներում հետազոտական գործունեության իրականացումը,
  • Հանրային բոլոր ոլորտներում ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների, ազգային և մշակութային այլ ինքնություն, նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը խթանելը, այդ թվում՝ մարդու իրավունքների, կրթության, մեդիայի, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հասարակական, համայնքային զարգացման և կյանքի այլ ոլորտներում և այլն։ 

#DiverCityNGO​​​ #ԲազմազանությունՀԿ #DCNGO #ԲՍՄԻՀԿ

Loading