Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր բնույթ է կրում, և զորակոչային տարիքի քվիր* անձինք հանդիպում են մարտահրավերային երկընտրանքի՝ կա՛մ խուսափել զինվորական ծառայությունից՝ բացահայտելով իրենց գենդերային ինքնությունը զինվորական կոմիսարիատներում, կա՛մ գնալ բանակ՝ ստիպված լինելով թաքցնել իրենց իրական ինքնությունը երկու տարով և լինել բացահայտվելու շարունակական վախի ու վտանգի տակ։
Առողջապահության Նախարարության՝ 2018 թվականի հրամանագրի համաձայն, «անձնային խանգարում» ունեցողները ազատվում են երկամյա պարտադիր զինվորական ծառայությունից, որը պարտադիր է 18 տարին լրացած բոլոր հայ տղաների համար։ Նույն հրամանագիրը «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» ճանաչում է անձնային խանգարում՝ քվիր տղաներին ազատելով պարտադիր զինվորական ծառայությունից։
Նրանք, ովքեր որոշում են բացահայտել իրենց գենդերային ինքնությունը, անցնում են տարատեսակ հետազոտություններ ու բժշկական փորձաքննություններ՝ հաճախ զուգորդված ոտնձգություններով, ստորացումներով և խտրականությամբ՝ պայմանավորված իրենց սեռական ուղղվածության ու գենդերային ինքնության հատկանիշներով։
«Բազմազանություն» հկ-ի՝ 2021թվ․ զեկույցի համաձայն, զորակոչիկները հաճախ բողոքում են բուժաշխատողների և հատկապես հոգեբույժների վերաբերմունքից։ Նրանք խոսում են այն մասին, որ ստանում են անձնական բնույթի հարցեր և հարցեր իրենց սեռական կյանքի վերաբերյալ։ Հաճախ նման հարցերի նպատակն է քվիր զորակոչիկների արժանապատվության ոտնահարումն ու նվաստացումը։
«Երբ հոգեբանի մոտ էի, հարցրեց ակտիվ եմ, թե պասիվ [սեռական ակտի ժամանակ]»։- «Բազմազանության» հետ հարցազրույցում նշում է քվիր անձանցից մեկը,- Ինձ ուղղորդեցին ստուգուﬓերի՝ հորմոնների համար։ Մամայի ստիպելով մոտ 8 աﬕս անցա հորմոնաթերապիա՝ ներարկվում էի տղամարդու հորմոններ։
Մոտ ութ ամիս․ ես արական հորմոններ եմ ստացել։
Մի զորակոչիկ ասում է, որ բժիշկն իրեն ծաղրում էր երկար վերարկու հագնելու համար և ուղարկել էր հոգեբույժի մոտ միայն արտաքին տեսքի համար։ Մեկ այլ զորակոչիկ նշում է, որ բուժաշխատողները փորձում էին կոնֆլիկտ հարուցել՝ անպատշաճ հարցեր տալով և պատճառ փնտրելով՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու համար։ Նրան ամեն կերպ ուզում էին ուղորդել հոգեբուժարան՝ պնդելով «դու ագրեսիվ ես, պետք ա գնաս հոգեբուժարան, ընդեղ էլ աﬔն ինչ կասես»։
«Նրանք շատ խիստ անձնական բնույթի հարցեր էին տալիս։ Օրինակ՝ թե ի՞նչ դիրք ունեմ սեքսի ժամանակ, ինչպե՞ս եմ օրգազﬕ հասնում, ի՞նչ եմ ընդհանրապես անում, հարցնում են նաև ունե՞մ զուգընկեր, արդյո՞ք նա ինձանից ﬔծ ա շատ, թե՞ ոչ»։
Որոշ դեպքերում, երբ զորակոչիկներին ուղարկում են հոգեկան առողջության կենտրոններ, որտեղ բժիշկները փորձում են նրանց պահել ողջ գիշեր՝ դիտարկելու «անձնային խանգարում ունեցողների» վարքը և հետազոտություններ անցկացնելու նպատակով, որը գոյություն ունեցող կարգավորումների դեմ է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այն որոշումը, համաձայն որի ԼԳԲՏՔ+ անձ լինելը չի համարվում հիվանդություն։ Դա խախտում է զորակոչիկների իրավունքները՝ առաջ բերելով խտրականության նոր ու ավելի խիստ դեպքեր, ինչպես նաև վերբալ կամ ոչ վերբալ ոտնձությունների, բռնությունների պատճառ հանդիսանալով։
«Բազմազանություն» հկ-ի նախագահ Արտակ Ադամը այն մարդկանցից է, որոնք հանդիպել են խտրականության զորակոչի ընթացքում։ Ադամը նաև միակն է, որ բարձրաձայնել է իր իրավունքների մասին՝ դեպքի առթիվ հաղորդում ներկայացնելով ոստիկանությունում։ Հայաստանյան դատարաններում ոչ պատշաճ վերաբերմունք ստանալով և իր արդար դատաքննության իրավունքը իրացնելու հնարավորության բացակայության պատճառով՝ Ադամը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ):
___
* Քվիր․ անձրևանոցային եզրույթ այն անձանց համար, որոնք չեն նույնականանում հետերոսեքսուալ (տարասեռական) և ցիսգենդեր։ Ծագում է քվիր տեսությունից, որն առաջացել է ակտիվիզմից և քննադատում է ինքնությունները, հատկապես գենդերային ու սեռական, խնդրականացնում է սեռի և գենդերի միջև բինար հարաբերությունները, քննում է նորմատիվային ու նորմավորված սեռականություններն ու ձևակերպումները։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands