Չնայած խտրականության* արգելքի մասին ՀՀ Սահմանադրության այն հոդվածին (Հոդված 29, Խտրականության արգելքը), որը ներկայացնում է պաշտպանված հիմքերի ցանկ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության կողմից անմիջական իրականացման պահանջ, չկան դատական պաշտպանության դիմելու և սեռական ուղղվածություն ու գենդերային ինքնության (ՍՈւԳԻ) հիմքով խտրականությունից պաշտպանվելու արդյունավետ օրինական լծակներ։ Արդյունքում, Հայաստանի քվիր համայնքը մնում է անպաշտպան և ավելի խոցելի՝ ատելության հիմքով հանցագործությունների, ՍՈւԳԻ հիմքով բռնությունների և խտրականության նկատմամբ:
2018 թվականի Թավշյա հեղափոխությունը հույս ծնեց, և հստակ քայլեր կատարվեցին՝ առանձին հակախտրականության օրենսդրություն որդեգրելու համար,* սակայն այս դանդաղ գործընթացը դադարեցվեց 2020 թվականին Արցախյան 2-րդ (Լեռնային Ղարաբաղ) պատերազմի արդյունքում, որն ազդեցություն ունեցավ օրենսդրական և համապատասխան բարեփոխումների շուրջ երկխոսության վրա։
Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների միջազգային պայմանագրեր և փաստաթղթեր, ներառյալ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի թիվ 12 արձանագրությունը, որն արգելում է խտրականությունը։ Սա ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության քայլերը հավասար և ոչ խտրական միջավայր ձևավորելու համար։ Սակայն, երկրում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում կիրառելն ու զարգացնելը դանդաղ է առաջ ընթանում։ Որոշ խոցելի խմբերի նկատմամբ հատկապես խտրականությունն անհանգստացնող է։
Հանցագործության դեպքում խտրականությունը ծանրացնող հանգամանք է համարվում միայն, եթե այն կրոնի, ազգության կամ ռասայի հիմքով է։ Հայաստանի և Եվրոպական միության (ԵՄ) միջև կա համաձայնություն՝ ընդունել հստակ օրենսդրություն ԵՄ հետ ասոցացման մասին Համաձայնագրի շրջանակներում։ Սակայն համաձայնությունը չեղարկվել է, քանի որ Արցախյան պատերազմը երկրում այլ իրավիճակ ստեղծեց, ու կառավարությունն արտաքին բանակցություններում ստիպված եղավ այլ մոտեցումներ որդեգրել։ Օրինակ՝ եթե ԼԳԲՏՔ+ համայնքի որևէ անդամի ձերբակալում են, և ոստիկանությունում աշխատողները վատ վերաբերմունք են ցուցաբերում նրա նկատմամբ սեռական ուղղվածության հիմքով, ոստիկանները որևէ պատասխանատվության չեն ենթարկում։ Նրանց ատելության հիմքով հանցագործության համար ոչինչ չի սպառնում, քանի որ երկրի քրեական օրենսդրությունը չի սահմանում ՍՈւԳԻ-ն որպես պաշտպանված հիմք, որը կարող է պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։
Հայաստանում ԼԳԲՏՔ+ համայնքը հատկապես խոցելի ու անպաշտպան է։ Փորձը ցույց է տալիս, որ եթե համայնքի անդամների նկատմամբ հանցագործություններ են տեղի ունենում՝ ուղեկցվելով խտրականությամբ, որքան էլ բացահայտ լինի, որևէ փորձաքննություն չի կատարվում, և որ ավելի կարևոր է, քննությունը դատական փուլի չի հասնում, կամ, պարզապես, կարճվում են։
Եթե քվիր անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործության կամ խտրականության դեպքերը դատական փուլի են հասնում՝ հիմնականում չի իրականացվում արդար դատաքննություն՝ տուժվածին թողնելով միայն մեկ տարբերակ․ այն է՝ դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)։ «Բազմազանություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արտակ Ադամն ընտրել է այս ուղին՝ զորակոչի ընթացքում Ադամի հանդեպ խտրականության և խոշտանգման դեպքը հասցնելով ՄԻԵԴ՝ առաջ քաշելով նախադեպ։ Այնուամենայնիվ, բյուրոկրատիան և այս գործընթացի «վճարը» շատերին ստիպում են հանձնվել։
____
* Խտրականություն․ էապես նման պայմաններում և իրավիճակում որոշակի հատկանիշներով օժտված անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի կամ ողջամիտ բացատրության:
* ՀՀ Օրենքը Իրավահավասարության ապահովման մասին
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands