ՍՈւԳԻ | սեռական ուղվածություն և գենդերային ինքնություն (նույնն է ինչ ՍԿԳԻ)
ԼԳԲՏՔ+ անձ | լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր և այլ սեռական ուղվածություն ունեցող անձ/ինք
Բռնության մասին խոսելիս կարող ենք հանդիպել տարբեր սահմանումների։ Թերևս բռնության դրսևորումները բազմազան են, սակայն բռնության մի քանի տեսակների՝ իրենց առանձին արտահայտումների համար դրդապատճառները տարբեր են հատկապես հասարակության մեջ ենթադրյալ փոքրամասնություն համարվող ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ՝ իրենց դրսևորման ձևերով։
Այնուհանդերձ, ինչ է բռնությունը, տեսակները, ինչու բռնություն, որոնք են բռնության պատճառները և արդյոք տարբեր են բռնության դրդապատճառները ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ։
Բռնություն բառը ժամանակակից հոգեբանական գիտությունները զուգադրում են ագրեսիա (լատիներեն՝ agressio – հարձակում) բառի հետ, որն է գիտակցական կամ ենթագիտակցական բռնի կամ ճնշող գործողությունը՝ վնաս պատճառելու համար։ Բռնությունն էլ իր հերթին սահմանվում է նկարագրվելով՝ դիտավորյալ ագրեսի, ֆիզիկական ուժ և ուժի սպառնալիք, իշխանություն և իշխանության սպառնալիք արտահայտություններով, անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ բռնություն կիրառելիս։ Ե՛վ ագրեսիան, և՛ բռնությունը, այնուամենայնիվ, հանգեցնում են հոգեբանական և ֆիզիկական թեթև կամ ծանր հետևանքների, նույնիսկ մահվան։
Դրսևորումներին անդրադառնալիս կարևոր է առանձնացնել բռնության տնտեսական, ֆիզիկական, հոգեբանական, ավանդույթների վրա հիմնված լինելու տեսակները։ Մի շարք ԼԳԲՏՔ+ անձինք իրենց հարցազրույցներում, պարբերաբար նշում են, որ իրենց հանդեպ բռնությունները հաճախակի են և պարբերական բնույթ ունեն։ Նրանք պնդում են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություններն ավելի տարածված են, քան տնտեսական բռնությունը։ Հատկանշական է այն փաստը, որ առանց բացառության ԼԳԲՏՔ+ անձինք առավել հաճախ են ենթարկվում թե՛ ֆիզիկական ու հոգեբանական, թե՛ տնտեսական և ավանդույթների վրա հիմնված բռնությունների, քան հետերոսեքսուալ անձինք, կամ այն անձինք որոնք ունեն հետերոնորմատիվ վարք, ծայրահեղ կանացի և առնական գենդերային արտահայտումներ։
ԼԳԲՏՔ+ անձ նույնականացող Արաբո Սարգսյանը, որը գրեթե երկու տարի է վերստին լքել է Հայաստանը, պատմում է, որ բռնության բոլոր տեսակները տեսել, ապրել, զգացել է։ Իր նկատմամբ բազմիցս եղել են հարձակումներ, սպառնալիքներ, նվաստացումներ, հայրը նրան զրկել է ազատությունից և օրեր շարունակ նկուղում պահել անազատության մեջ։
-Դուք ճիշտ հասցեով եք եկել։ Ես բազմիցս ենթարկվել եմ բռնությունների ու նմանօրինակներ ունեմ, կարելի է ասել, հարյուրավորը։ Ես ենթարկվել եմ, առանց բացառության, բոլոր տեսակ բռնությունների, – նշում է Արաբո Սարգսյանը, – դպրոցում, իմ դասարանի տղաները մերկացնում էին ինձ, պարզելու համար ես տղա եմ, թե՞ աղջիկ։ Բռնությունները իմ նկատմամբ պարբերաբար էին ու շարունակական։ Հիշում եմ, մի անգամ հանրային տրանսպորտում, մի տղա կանգառում իջավ ինձ հետ, հետևեց ինձ ու ծեծեց այնքան, մինչև արյունլվա եղա։ Ուշքս գնաց։ Արթնացա ու վազեցի տուն։ Ես միշտ տուն էի գնում արյունոտված շորերով։ Բռնությունների առիթ հանդիսանում էին իմ արտաքին տեսքը, երկար մազերս, հագուկապս։ Ամենից զատ, ընտանեկան բռնության էլ եմ ենթարկվել, հորս կողմից։ Հայրս ինձ օրեր շարունակ փակի տակ էր պահում մեր շենքի նկուղում։ Սնվում էի շատ վատ։ Արդյունքում` տարիներ շարունակ բռնության ենթարկվելու պատճառով հոգեկան խնդիրներ ձեռք բերեցի։
Հիշում եմ, համալսարանի զուգարանում չորս տղա ինձ գետնին գցեցին, նետեցին արտաթորանքի վրա, զուգարանը բացարձակ մաքուր չէր, ու ցանկանում էին բռնաբարել ինձ։ Ինձ ուզում էին «կոտրել», որից հետո ինձ ծեծեցին ու դուրս եկան, – ցավով պատմում է Արաբոն, վերջում ավելացնելով, որ միշտ երկարաթև շորեր էր հաքնում, քանի որ թևերի վրա միշտ կապտուկներ կային։
Տրանս անձ նույնականացող Նոռա Պետրոսյանը պատմում է․
«Երբ ծնողներս իմացան իմ սեռական ուղվածության ու գենդերային ինքնության մասին, բարկացան, ապա վճռեցին, որ տանը փակված պետք է մնամ։ Մոտ մեկ տարի տանը փակի տակ եմ եղել։ Պարբերաբար ծեծի ենթարկելով, ծնողներս ուզում էին ինձ «տղամարդ սարքել»։ Ծնողներս «Եհեվայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ էին։ Նրանք կարծում էին, որ իմ մեջ վատ հոգիներ են մտել, դրանք տասներկու սատանաների հոգիներ էին, որոնք էլ պատճառն էին, ըստ նրանց, իմ տրանս ինքնության։ Նրանք կանչում էին իրենց երեցներին, ծեսեր իրականացնում, որ ես ապաքինվեմ։
Մեր ընտանիքը հաշտ ու համերաշխ ընտանիք էր, մենք չէինք վիճում, մայր՝ հորս, հայրս՝ մորս նկատմամբ հարգալից էին։ Այնուամենայնիվ բռնությունները եղել են միայն իմ նկատմամբ։ Ես տան միակ երեխան էի։ Ու քանի որ միակ երեխան էի, չէին կարող թույլ տալ, որ իրենց միակ երեխան ունենա տրանս ինքնություն»։
Խոսելով բռնությունների մասին, Նոռան հավելում է նաև, որ չափահաս դառնալուն պես, փախչել է տանից ու ընկերների օգնությամբ կարողացել ազատագրվել։
Փորձելով հասկանալ իրավական մակարդակում, որքանով են պաշտպանված ԼԳԲՏՔ+ անձինք, խոսեցինք նաև «Հանուն հզոր ապագայի» Հասարակական Կազմակերպության նախագահ Մաքսիմ Տրուբկինի հետ։ Հարցազրույցում պարզ դարձավ, որ հատկապես տրանս անձինք, երբ դիմում են ոստիկանություն, բռնությունների ենթարկվելու ժամանակ, օգնություն գրեթե չեն ստանում։
-Ինքներդ էլ գիտեք, որ հատկապես տրանս անձանց դեպքում գրեթե բոլոր գործերը կարճվում են։ Մաքսիմը, խոսքում հիշատակում է Ժակլինի հետ կատարված դեպքը, որը տրանս անձ է։ Այրել էին նրա տունը, նրան ծեծի ենթարկելուց հետո։ Նրա գործը մինչ օրս գտնվում է քննության փուլում, նշում է Մաքսիմը, – առհասարակ, ԼԳԲՏՔ+ անձանց դեպքում, գործերի մեծ մասը կամ կարճվում են, կամ ընթացք չեն ստանում, խոսքը գնում է նաև քրեական գործերի մասին։
Նույնասեռական անձ նույնականացող Արմանը պատմում է․
-Եղբայրս արդեն երկու անգամ ծեծի է ենթարկում ինձ, պատճառն իմ սեռական ուղվածությունն է։ Առաջին անգամ, երբ ծեծի ենթարկվեցի, գրեթե ուշագնաց եղա, ջուր էի խնդրում մորիցս, իսկ հայրս արգելեց մորս ջուր բերել, ասելով, որ ինձ նմանին ջուր չի հասնում։ Իսկ մայրս վախենում էր նույնիսկ եղբորիցս։ Այդ անգամ ես տանից դուրս եկա, չորս օր ընկերոջս տանը մնացի։ Վերադարձա տուն, երբ եղբայր բանակային աձակուրդն ավարտել ու վերադարձել էր զորամաս։ Ես ինձ նրա հետ մեկ տանիքի տակ ապահով չէի զգում։ Երկրորդ անգամ, եղբայր ծեծի ենթարկեց ինձ, երբ հեռախոսս խլեց ու տեսավ իմ ու ընկերոջս նամակագարույթունը։ Այնպես էր հարվածել գլխիս, որ մինչև օրս հետևանքների բուժմամբ եմ զբաղված։
Մի քանի ԼԳԲՏՔ+ անձանց հետ հարցազրույցներից հատկապես ուշագրավ են դարձել այս դեպքերը։
« Եղբայրս կրակեց շան գլխին՝ իմ աչքի առաջ ու ասաց. «Այ տես, կամ կփոխվես, կամ կարժանանաս էդ ճակատագրին»
«Հայրս շիկացած փայտի մնացորդները ու աղը խառնում էր իրար, լցնում հատակին ու ստիպում, որ ծնկաչոք կանգնեմ դրա վրա: Ու այդպես մնում էի երկար ժամանակ: Առաջանում էին վերքեր, ու մրմռում էր, վերքերը չէին լավանում երկար ժամանակ: Եղբայրս ու հայրս ամեն օր ծեծի էին ենթարկում: Կապ չունի՝ ինձ հետ էր կապված, թե ոչ, պարզապես նրանց տրամադրության բացակայությունը հերիք էր, որ ես բռնության ենթարկվեի»։
«ՓԻՆՔ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը, որոնք են ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ բռնությունների պատճառները, արդյոք տարբեր ՍՈւԳԻ ունեցող անձինք տարբեր տեսակ բռնութնյունների են ենթարկվում և նման մի քանի հարցերի պատասխանում է․
-Բռնության պատճառները տարբեր են՝ կախված, թե կյանքի որ ոլորտում են լինում: Բայց, եթե ընդհանուր վերցնենք, կարող ենք առանձնացնել հետևյալը: Նախ՝ երկրում ընդհանուր բռնության մթնոլորտի ու մշակույթի առկայությունը: Այսինքն բռնությունը «նորմա» է և ցանկացած մարդ, վարք, տեսք, առանձնահատկություն, որը հաստատված ստանդարտներից դուրս է, դառնում է ուշադրության, ճնշման օբյեկտ: Եվ ԼԳԲՏ+ մարդկանց դեպքում դա դրսևորվում է նույն օրինաչափությամբ, նաև կրկնակի, քանի որ կրկնակի ստանդարտի խախտում, և՛ սեռականության մասին խոսելու տաբուի, և՛ «ոչ ստանդարտ» սեռականության մասին խոսելու: Մյուսը, որը կարևոր է, հասարակության բևեռացումն է տարբեր ուժերի կողմից, մենք- նրանք, ու ԼԳԲՏ+ մարդկանց միշտ դնում են «նրանքի» մեջ։ Տարբեր ուժերն էլ մի քանի շերտի են, իշխանություն կրող կամ ձգտող, դրանք են ներքին քաղաքական կամ կրոնական, և արտաքին քաղաքական ու կրոնական ուժերը: Եվ երրորդը կրթական բացերն ու տեղեկացվածության պակասն է: Կրթականը շատ ավելի խորն է, մարդիկ իրենց կրթության ընթացքում չեն զարգացնում քննադատական մտածողություն և վերլուծությում՝ սկսած մանկապարտեզից, վերջացրած համալսարանով կամ գիտական գործունեությամբ: Արդյունքում ցանկացած ապատեղեկատվություն, ներառյալ սեռականության ու ԼԳԲՏ+ հարցերի մասին ընդունվում է «հալած յուղի» պես, առանց վերլուծության:
Արդեն ասացի, որ բռնության մշակույթը արմատացած է մեր հասարակությունում ու դրսևորվում է: Ու ԼԳԲՏ+ անձանց տարբեր ենթախմբերի դեպքում տարբեր սպեցիֆիկայով: Հանրային վայրերում առավել խոցելի են տրանս մարդիկ, տրանս ասելով հասկանում եմ նաև բոլոր ոչ բինար և այդպես ընկալվող մարդիկ, քանի որ հասարակության ընկալումներում տարանջատում չկա ենթախմբերի, որը տարբերվում է, ենթարկվում է ծաղրի, նսեմացման, ճնշման ու ֆիզիկական հարձակման: Գեյ և բիսեքսուալ տղամարդկանց դեպքում հիմնական խնդիրները սպեցիֆիկ բանակում ու քրեակատարողական հիմնարկներում տարատեսակ բռնություններն են, նաև շանտաժի ու շորթման դեպքերը սեռական ուղվածությունը բացահայտելու սպառնալիքով: Լեսբի, բիսեքսուալ, քվիր կանանց դեպքում խնդիրը ավելի քողարկված է և զուգահեռ գնում է կանանց նկատմամբ բռնության համատեքստում՝ սեռական ոտնձգությունը ու բռնաբարությունը ներառյալ: Առանձին ու համատարած տենդենցը ընտանեկան բռնությունն է՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և այլն: Սա բնորոշ է բոլորին, երբ իմացվում է մարդու ՍՈւԳԻ մասին, ապա բռնությունը ընտանիքում դառնում է միջոց՝ այն փոխելու: Այս պարագայում հատկապես խոցելի են անչափահաս ԼԳԲՏ+ մարդիկ, քանի որ պաշտպանության ոչ մի միջոց չունեն և կախված են ընտանիքից:
Տարեկան, միայն, «ՓԻՆՔ»-ը արձանագրում է մոտ 30 իրավախախտում ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ, բացառությունը միայն այս տարի է, քանի որ արդեն այդքան դեպք արձանագրել ենք, չնայած կես տարի է անցել դեռ, այսինքն մինչ տարվա վերջ կավելանան ցավոք: Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ սա միայն այսբերգի գագաթն է, մեկ ՀԿ-ն չի կարող արձանագրել ամբողջ երկրում տեղի ունեցող դեպքերը։ Դրանք ամենայն հավանականությամբ շատ ավելի շատ են: Նշեմ, որ դեպքերի մոտավորապես կեսն ամեն տարի ընտանեկան բռնության դեպքերն են: Իրավապահ մարմիններին դիմելու հետ կապված, հիմնականում շարունակվում են հանրային հնչեղություն ունեցած կամ հանրային վայրերում կատարված դեպքերը: Ընդ որում մեծ մասը կարճվում է օրենսդրական բացերի պատճառով, իսկ մնացած՝ քիչ տոկոսը, անցնելով ներպետական ատյաններով գնում է միջազգակին դատարան: Մնացած դեպքերում մարդիկ կա՛մ հրաժարվում են գործին ընթացք տալ, կա՛մ կեսից ետ են վերցնում: Պատճառները տարբեր են, կա՛մ վախենում են ՍՈւԳԻ հանրայնացումից, օրինակ ինքնաբացահայտում (out coming) անել այլ մարդկանց մոտ, կա՛մ չեն վստահում իրավապահ մարմիններին, կա՛մ իրավախախտի դեմ չեն ուզում գործ հարուցել կամ շարունակել, որովհետև օրինակ ընտանիքի անդամն է: Վերջինս բնորոշ է հիմնականում ընտանեկան բռնության դեպքերին: Նշեմ նաև, որ ընտանեկան բռնությունով ոչ մի դեպք չունենք շարունակական, մեծ մասը չեն դիմում ոստիկանություն, իսկ քիչ տոկոս դիմածները հետ են վերցրել բողոքը վերևում նշածս պատճառներից մեկով, – խոսքն ավարտում է Լիլիթը:
Ինչպես նշում Լիլիթ Ավետիսյանը, հասարակությունում բռնությունը նորմա է դարձել ու արմատացած է։ Թերևս, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը, կարող ենք հստակ փաստել, որ չունենք հակախտրականության օրենք, իսկ Սահմանադրության «Հոդված 29. Խտրականության արգելք»-ը հստակ սահմանում է․
«Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից․․․, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։
Հակախտրականության սահմանադրակն հովածը չի՛ նախատեսում սեռական ուղվածության և գենդերային ինքնության հիմքերով խտրականության արգելք։ Այնինչ ԼԳԲՏՔ+ անձինք կյանքի բոլոր ոլորտներում ենթարկվում են բռնությունների։
Մյուս կողմից Սահմանադրության 30-րդ հոդվածը խոսում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին։ Հետևություն կարող ենք անել, որ գենդերային հիմքով խտրականությունները, բռնությունները պետք է լինեն պաշտպանված։
«Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը»-ը սահմանում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Սակայն կին կամ տղամարդ նույնականացող ԼԳԲՏՔ+ անձինք բազմիցս ենթարկվել և ենթարկվում են բռնույթունների ու անհավասարություն դրսևորվում է կրկին կյանքի տարբեր ոլորտներում։
Եվ վերջում, ավելացնելով, մեջբերենք նաև ՀՀ Քրեական Օրենսգրքի մի քանի հոդվածներ։
․․․․․․․․․
Հոդված 110. Ինքնասպանության հասցնելը (ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով),
Հոդված 113. Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը /
Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով),
Հոդված 118. Ծեծը (տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով),
Հոդված 138. Բռնաբարությունը (ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):
․․․․․․․․․․․
Հեղինակ | Արտակ Ադամ
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #LGBT #Diversity #Բազմազանություն #Разнообразие #HumanRights #LGBTRights #DCNGO