ԼԳԲՏՔ+ համայնքը (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր/հարցականեցնող և +) ներկայանում է տարբեր դրոշներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Գիլբերտ Բեյքերի կողմից ի սկզբանե ձևավորված նույնասեռական անձանց հպարտության դրոշը շատ հայտնի է: Այնուամենայնիվ, այժմ կան ավելի ընդգրկուն տարբերակներ, որոնք ներկայացնում են տրանս, միջսեռական և «ոչ սպիտակ» (People of Color) համայնքները: Բացի ծիածանի դրոշից, կան ավելի քան 50 այլ դրոշներ, որոնք ԼԳԲՏՔ+ համայնքում, խորհրդանշում են տարբեր գենդերային բազմազանությունն ու սեռական ուղղվածությունները: Այս դրոշները թույլ են տալիս անձանց արտահայտել իրենց եզակի ինքնությունը և մեր բազմազան համայնքում խթանել նրանց ճանաչումը:
Եկե՛ք ուսումնասիրենք ԼԳԲՏՔ+ անձանց տարբեր հպարտության դրոշների հիմքում ընկած իմաստները՝
Ընդհանուր կամ անձրևանոցային դրոշներ
Գիլբերտ հպարտության դրոշը հաճախ կոչում ենք նաև բնօրինակ, որը ստեղծվել է 1977 թվականին Գիլբերտ Բեյքերի ձևավորմամբ։
Գիլբերտ Բեյքերը՝ որպես արտիստ, ակտիվիստ և բացահայտ նույնասեռական զինվորական վետերան, ստանձնեց ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների շարժման հայտնի ջատագով Հարվի Միլքի հանձնարարականը՝ ստեղծել դրոշ, որը կխորհրդանշի քվիր համայնքը: Ոգեշնչվելով 1939 թվականի «Օզի կախարդը» ֆիլմում հնչեցված «Ծիածանի վրայով» (Over the Rainbow) հավերժական մեղեդուց՝ Բեյքերը պատկերեց ծիածանի դրոշը, որը բաղկացած է ութ տարբեր գույներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:
Գիլբերտ հպարտության դրոշը նշանակալի տեղ է զբաղեցնում ԼԳԲՏՔ+ պատմության մեջ՝ ծառայելով որպես բազմազանության, ներառականության և հավասար իրավունքների և ընդունման շարունակական պայքարի հզոր խորհրդանիշ:
Գիլբերտ Բեյքերի հպարտության դրոշ
• Վառ վարդագույնը խորհրդանշում է սեքսուալության աշխույժ ոգին,
• Կարմիրը` մարմնավորում է բուն կյանքի էությունը,
• Նարնջագույնը ներկայացնում է բուժման և վերականգնման ուղին,
• Դեղինը խորհրդանշում է արևի լույսի ջերմությունն ու կենսունակությունը,
• Կանաչը խորհրդանշում է բնության մեջ առկա ներդաշնակությունն ու փոխկապակցվածությունը,
• Փիրուզը մարմնավորում է արվեստի կախարդական և փոխակերպող ուժը,
• Ինդիգոն նշանակում է հանգստություն և ներքին խաղաղություն,
• Մանուշակագույնը ներկայացնում է ԼԳԲՏՔ+ անհատների աննկուն ոգին և եզակի ներդրումը:
ԼԳԲՏՔ+ Ծիածան հպարտության դրոշ (ավանդական հպարտության դրոշ և 6 գույն ունեցող հպարտության դրոշ)
6 գույն ունեցող հպարտության դրոշը պատմության ընթացքում ամենահայտնի և ամենաօգտագործված ԼԳԲՏ դրոշներից մեկն է: Վառ վարդագույնը չի ներառվել այս դրոշի պատրաստման մեջ, քանի որ գործվածքը դժվար էր գտնել: 1978թ. նոյեմբերի 27-ին Սան Ֆրանցիսկո քաղաքի գեյ ղեկավար Հարվի Միլկի սպանությունից հետո դրոշի պահանջարկը սկսեց աճել: 1979 թվականին դրոշը կրկին փոփոխության ենթարկվեց։ Նպատակ ունենալով շքերթի երթուղու երկայնքով ձգվող փողոցային լապտերները զարդարել հարյուրավոր ծիածանի պաստառներով, Գիլբերտ Բեյքերը որոշեց տեսարանը մտովի բաժանել երկու մասի՝ յուրաքանչյուր լամպի սյունին կողք-կողքի զույգ թվով շերտերով (զոլերով) պաստառ ամրացնել: Այս էֆեկտին հասնելու համար նա ավելացրեց փիրուզագույն շերտը, որն օգտագործվել էր յոթ շերտ ունեցող դրոշի մեջ: Արդյունքը դրոշի վեց շերտավոր տարբերակն էր, որը դարձավ ապագա արտադրության չափանիշ: Կարմիրը խորհրդանշում է կյանքը, նարնջագույնը՝ բուժումը, դեղինը՝ արևի լույսը, կանաչը՝ բնությունը, կապույտը՝ ներդաշնակությունը ևխաղաղությունը, իսկ մանուշակագույնը՝ ոգին:
ԼԳԲՏ առաջընթացի հպարտության դրոշ
ԼԳԲՏ առաջընթացի հպարտության դրոշը ստեղծվել է գրաֆիկ դիզայներ Դանիել Քվազարի կողմից 2018 թվականին՝ նպատակ ունենալով ներկայացնել մարգինալացված ԼԳԲՏ գունավոր համայնքները և տրանսգենդեր անձանց: Դրոշը ներառման և առաջընթացի խորհրդանիշն է։
- Վեց գույն ունեցող ծիածան դրոշ՝ խորհրդանշում է նույնասեռական, երկսեռական և տրանս անձանց,
- Սևն ու շագանակագույնը խորհրդանշում են մարգինալացված ԼԳԲՏ գունավոր համայնքները։
Ինտերսեքս-ներառական ԼԳԲՏ առաջընթացի հպարտության դրոշ
Այս դրոշը ինտերսեքս (միջսեռական) համայնքն ավելացնում է առաջընթացի հպարտության դրոշին: 2021 թվականի այս թարմացվելով, այն հանդիսանում է ամենաարդի ԼԳԲՏՔ+ դրոշը: Դրոշը ստեղծել է Վալենտինո Վեկիետին՝ Բրիտանական «Ինտերսեքս անձանց հավասարության իրավունքներ» կազմակերպության կողմից:
Քվիր դրոշ
Սա qվիր հպարտության դրոշն է, որը թեպետ այդքան էլ հայտնի չէ: Ստեղծվելով 2015 թվականին՝ դրոշը ներկայացնում է քվիրության բոլոր կողմերը, քանի որ «քվիր» պիտակն աստիճանաբար դառնում էր ավելի հայտնի: Վարդագույն և կապույտ երանգները խորհրդանշում են նույն սեռի գրավչությունը, մինչդեռ նարնջագույն և կանաչ երանգները՝ ոչ-բինար և գենդեր-չհարմարվող անձանց: Իսկ սև և սպիտակ գույները խորհրդանշում են ասեքսուալ, արոմանտիկ և ագենդեր համայնքը:
Սեռական ուղղվածության դրոշներ
Լեսբի անձանց հպարտության դրոշ
Լեսբիների դրոշն իրենից ներկայացնում է տարբեր վարդագույն երանգների գեղեցիկ համադրություն, որոնք երբեմն զարդարված են կարմիր համբույրով, որը խորհրդանշում է լեսբի անձանց շրթներկը: Դրոշի ստեղծողը Նատալի ՄաքՔրեյն է, որը նախագծել է այն 2010 թվականին:
• Ամենամուգ նարնջագույնը նշանակում է գենդերային անհամապատասխանություն,
• Բաց նարնջագույնը՝ անկախությունը,
• Ամենաբաց նարնջագույնը՝ ներկայացնում է համայնքը,
• Սպիտակն արտացոլում է կանացիության հետ յուրահատուկ հարաբերություններ,
• Ամենաբաց վարդագույնը խորհրդանշում է հանգստություն և խաղաղություն,
• Բաց վարդագույնը՝ սերը և սեքսը,
• Մուգ վարդագույնը նշանակում է կանացիություն:
Բիսեքսուալ անձանց հպարտության դրոշ
Բիսեքսուալների (երկսեռական անձանց) դրոշը ստեղծել է Մայքլ Փեյջը 1998 թվականին՝ որպես բիսեքսուալ համայնքի և վերջինիս աջակիցների խորհրդանիշ։ Գույները ներկայացնում են այն մարդկանց սեռական ուղղվածությունը, որոնք նույնականանում են բիսեքսուալ, ինչպես նաև նրանց գրավչությունը՝ երկու սեռերի նկատմամբ:
• Վարդագույն՝ խորհրդանշում է գրավչությունը նույն գենդերային ինքնության նկատմամբ,
• Մանուշակագույն՝ խորհրդանշում է գրավչությունը երկու սեռերի նկատմամբ,
• Կապույտ՝ խորհրդանշում է գրավչությունը նրանց նկատմամբ, ովքեր նույնականացվում են որպես տարբեր սեռեր:
Պանսեքսուալ անձանց հպարտության դրոշ
Պանսեքսուալ անձանց հպարտության դրոշը ստեղծվել է Ջասպեր Վ.-ի կողմից և անանուն տեղադրվել է Tumblr-ում՝ նպատակ ունենալով ներկայացնել պանսեքսուալ անձան սեռական ինքնությունը, ինչպես նաև այն ներառել ԼԳԲՏ համայնքում: Այս դրոշը կազմված է երեք հորիզոնական շերտերից՝ վարդագույն, դեղին և կապույտ:
• Վարդագույն՝ խորհրդանշում է գրավչությունը նրանց նկատմամբ, որոնք նույնականանում են որպես իգական սեռի ներկայացուցիչ,
• Դեղին՝ խորհրդանշում է գրավչությունը նրանց հանդեպ, որոնք նույնականանում են որպես գենդերքվիր, ոչ-բինար, ագենդեր և անդրոգեն,
• Կապույտ՝ խորհրդանշում է գրավչությունը նրանց նկատմամբ, ովքեր նույնականանում են որպես տղամարդ:
Ասեքսուալ անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է 2010 թվականին ԱՏԿՑ-ի (Ասեքսուալների տեսանելիության և կրթական ցանց) անդամների կողմից՝ ներկայացնելու ասեքսուալ (կամ՝ անսեռական) համայնքը և նրանց աջակիցներին:
• Սև՝ խորհրդանշում է ասեքսուալությունը,
• Մոխրագույն՝ խորհրդանշում է մոխրագույն-ասեքսուալությունը և դեմիսեքսուալությունը,
• Սպիտակ՝ խորհրդանշում է ոչ ասեքսուալ զույգերին և նրանց աջակիցներին
• Մանուշակագույն՝ խորհրդանշում է համայնքը:
Դեմիսեքսուալ անձանց հպարտության դրոշ
Դեմիսեքսուալ անձանց հպարտության դրոշը խորհրդանշում է ԼԳԲՏ համայնքի ընդլայնումը: Այն ստեղծվել է ի ցույց դնելու անսեռական, սեռական և դեմիսեքսուալ համայնքների համերաշխությունը: Դեմիսեքսուալն այն անձն է, որը գրավչություն չի զգում այլ անձի նկատմամբ, քանի դեռ զգացմունքային կապ չկա։
Պոլիամոր անձանց հպարտության դրոշ
Պոլիամորիայի հպարտության դրոշը ստեղծվել է Ջիմ Էվանսի կողմից 1995 թվականին՝ որպես պոլիամոր համայնքի խորհրդանիշ: Պոլիամոր (բազմասեր) անձանց դրոշի յուրաքանչյուր գույն ներկայացնում է պոլիամորիայի յուրահատուկ տեսակ: Կապույտը խորհրդանշում է թափանցիկության և ազնվության արժեքները բազմասեր հարաբերություններում, կարմիրը ներկայացնում է սերն ու կիրքը, իսկ սևը խորհրդանշում է համերաշխություն այն անձանց նկատմաբ, որոնք ստիպված են թաքցնել իրենց պոլիամոր հարաբերությունները: Դրոշի կենտրոնում գտնվող «π» նշանը ներկայացնում է պոլիամոր համայնքում բազմաբնույթ և բազմակի հարաբերությունների անսահման հնարավորությունները:
Պոլիսեքսուալ անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է 2012 թվականին, Սամլին անունով Tumblr-ի օգտատիրոջ կողմից: Սամլինը ստեղծել է դրոշը՝ ի պատասխան պոլիսեքսուալ անձանց ներկայացուցչության բացակայության: Դրոշը շատ նման է բիսեքսուալ և պանսեքսուալ դրոշներին, քանի որ, ըստ Սամլինի տեսակետի, այս սեռական կ ուղղվածությունները պատկանում են բազմասեռականության ավելի լայն կատեգորիային:
• Կանաչ՝ խորհրդանշում է գրավչությունը ոչ-բինար անձանց նկատմամբ,
• Կապույտ՝ խորհրդանշում է տղամարդկանց գրավչությունը,
• Վարդագույն՝ խորհրդանշում է գրավչությունը կանանց նկատմամբ:
Աբրոսեքսուալ անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է Մոդ Չադի կողմից՝ Tumblr-ի «հպարտության դրոշներ – մեզ – համար» անանուն օգտատիրոջ խնդրանքից հետո: Ենթադրվում է, որ այն առաջացել է DeviantArt-ում 2013 թվականին և ճանաչում է ձեռք բերել Tumblr-ում։ Դրոշի գույների ընտրության կոնկրետ պատճառները լայնորեն հայտնի չեն: Ենթադրություններից մեկն այն է, որ կանաչը խորհրդանշում է քվիր գրավչություն, դեպի սպիտակ ընթացող գունաթափը ներկայացնում է գրավչության փոփոխվող փուլերը, իսկ վարդագույնը խորհրդանշում է իրական տեղաշարժը: Գույներն ասոցացվում են նաև ձմերուկի հետ, ինչը, հնարավոր է, վկայակոչում է աբրոսեքսուալ կողմնորոշման հոսուն լինելը:
Օմնիսեքսուալ անձանց հարտության դրոշ
Ինչպես տարբեր քվիր անձինք, այնպես էլ օմնիսեքսուալ (ամենասեռական) անձինք ունեն իրենց հպարտության դրոշը: Հպարտության այս դրոշը ստեղծվել է @pastelmemer-ի կողմից 2015 թվականին, թեև գույների հիմքում ընկած հատուկ սիմվոլիկան հստակորեն չի ներկայացվել: Այնուամենայնիվ, շատ օմնիսեքսուալ անհատներ յուրաքանչյուր գույնին վերագրել են անհատական մեկնաբանություններ՝ հանգեցնելով կիսահամաձայնության՝ կապված գույների նշանակության հետ.
• Վարդագույնը ներկայացնում է գրավչություն կանանց նկատմամբ,
• Կապույտը ներկայացնում է գրավչություն տղամարդկանց նկատմամբ,
• Մանուշակագույնը ներկայացնում է գրավչություն ոչ-բինար անձանց նկատմամբ։
Գենդերային ինքնության և գենդերային արտահայտման դրոշներ
Տրանսգենդեր անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է ամերիկուհի տրանս կին Մոնիկա Հելմսի կողմից 1999 թվականին՝ որպես տրանսգենդեր համայնքի անդամ և այն ցուցադրվել է 2000 թվականին Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցած հպարտության շքերթի ժամանակ:
• Բաց կապույտ՝ խորհրդանշում է տղա երեխաների ավանդական գույնը,
• Վարդագույն՝ խորհրդանշում է աղջիկ երեխաների ավանդական գույնը,
• Սպիտակ՝ խորհրդանշում է նրանց, ովքեր անցումային փուլում են կամ իրենց համարում են չեզոք կամ չսահմանված սեռ:
Ոչ-բինար անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է ներկայացնելու այն մարդկանց գենդերային ինքնությունը, որոնք իրենց չեն նույնականացնում ո՛չ որպես արական սեռի, ո՛չ որպես իգական սեռի անհատ: Հպարտության դրոշը նախագծվել է Facebook-ի «Nonbinary Gender Fluid» խմբի անդամի կողմից:
• Դեղինը խորհրդանշում է այն անձանց, որոնց գենդերը դուրս է բինար խմբից և չի առնչվում այս խմբի հետ,
• Սպիտակը խորհրդանշում է բազմաթիվ գենդերային ինքնություն ունեցող կամ բոլոր գենդերային ինքնությունները կրող անձան,
• Մանուշակագույնը խորհրդանշում է նրանց, ովքեր իրենց չեն նույնականացնում որպես կին կամ տղամարդ, այլ նույնականացնում են որևէ այլ գենդերի հետ՝ այս երկուսի միջև, կամ՝ համարում են, որ իրենց գենդերը կանացիության ու առնականության խարնուրդ է,
• Սևը խորհրդանշում է այն մարդկանց, որոնք չեն նույնականանում որևէ գենդերի հետ։
Ինտերսեքս անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է Մորգան Քարփենթերի կողմից 2013 թվականին՝ ի նշան ինտերսեքս (միջսեռական) համայնքի նկատմամբ համերաշխության: Միջեռական անձանց հպարտության դրոշն օգտագործվում է ցույց տալու համար, որ գենդերային բազմազանություն գոյություն ունի, այլ ոչ միայն կանացիությունն ու առնականությունը, որ նույնիսկ այս երկու կատեգորիաների ներսում գոյություն ունի ինքնությունների սպեկտր:
• Մանուշակագույն և դեղին՝ խորհրդանշում են գենդեր-չեզոք անձանց,
• Շրջան՝ խորհրդանշում է ամբողջականությունը և միջսեռական անձանց անհատականությունը:
Գենդերֆլյուիդ կամ լողացող գենդերային ինքնություն ունեցող անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է Ջեյ Ջեյ Փուլի կողմից 2012 թվականին գենդերֆլյուիդ անձանց, տրանսգենդեր, ոչ-բինար և այլ անձանց համար, որոնք չեն նույնականանում ո՛չ որպես տղամարդ, ո՛չ որպես կին: Դրոշը ներկայացնում է նաև նրանց, որոնք տրանսգենդեր են կամ գենդերքվիր, բայց ոչ ամբողջապես, նրանց, ում գենդերային ինքնությունը կայուն չէ և նրանց, որոնք միջսեռական են:
• Նարդոս (լավանդա)՝ խորհրդանշում է անդրոգինությունը և այն անձանց, որոնք նույնականանում են որպես իգականի ու արականի խառնուրդ,
• Սպիտակ՝ խորհրդանշում է ագենդեր անձանց,
• Մուգ կանաչ՝ խորհրդանշում է այն անձանց, ում գենդերային ինքնությունը դուրս է բինար խմբից և չի առնչվում այս խմբի հետ:
Գենդերքվիր անձանց հպարտության դրոշ
2011 թվականին Մերիլին Ռոքսիի կողմից ստեղծված դրոշը հատուկ նախագծված էր, որպեսզի տեսանելի լինի հեռվից և ծառայի որպես տեսողականորեն ճանաչելի խորհրդանիշ գենդերքվիեր անձանց համար, ովքեր հաճախ հայտնվում են ԼԳԲՏ համայնքից դուրս:
• Նարդոսը (լավանդա) խորհրդանշում է անդրոգենիան և այն անձանց, որոնք նույնականանում են որպես արական և իգական սեռերի խառնուրդ:
• Սպիտակը խորհրդանշելով ոչ-բինար և գենդերային առումով դեռ չկողմնորոշված անձանց, սպիտակը ծառայում է որպես գենդերքվիր համայնքի տարբեր փորձառությունների և արտահայտությունների ցուցադրում,
• Մուգ կանաչը՝ խորհրդանշում է նրանց ովքեր նույնականանում են գենդերային բինար համակարգից դուրս՝ հաստատելով իրենց յուրահատուկ գենդերային ինքնությունը՝ առանց ավանդական արական կամ իգական դասակարգումների:
Ագենդեր անձանց հպարտության դրոշ
Դրոշը, որը նախագծվել է Սալեմ Իքսի կողմից 2014 թվականին, ներկայացնում է անձանց, որոնք նույնականանում են որպես ոչ-բինար կամ չեն նույնականացնում իրենց որևէ գենդերի հետ: Դրոշը բաղկացած է հետևյալ գույներից՝
• Սևը խորհրդանշում է գենդերային բացակայությունը,
• Մոխրագույնը ներկայացնում է կիսագենդերային ինքնությունը,
• Սպիտակը խորհրդանշում է գենդերային բացակայությունը,
• Կանաչը խորհրդանշում է ոչ-բինար գենդերային ինքնությունը։
Բիգենդեր անձանց հպարտության դրոշ
Բիգենդեր անձանց հպարտության դրոշի ստեղծումն անհայտ է: Դրոշը ներկայացնում է նրանց, որոնք հանդես են գալիս երկու գենդերային ինաքնությամբ: Որոշ դեպքերում բիգենդեր լինել, նշանակում է նույնականանալ և՛ կին, և՛ տղամարդ, բայց այն կարող է ներառել նաև ոչ-բինար ինքնություններ: Այս երկու գենդերային ինքնությունները կարող են առաջանալ միաժամանակ կամ կարող են լինել տարբեր՝ ժամանակի ընթացքում:
Դեմիգենդերության հպարտության դրոշ
Դեմիգենդերն ընդհանուր կամ անձրևանոցային եզրույթ է, որն օգտագործվում է ոչ-բինար գենդերային ինքնությունները նկարագրելու համար, որտեղ անհատները մասնակի կապ են զգում որոշակի գենդերի հետ: Այս եզրույթն ընդգրկում է այնպիսի ինքնություններ, ինչպիսիք են կիսաաղջիկը և կիսատղան, ինչպես նաև կիսագենդեր այլ ինքնություններ: Թեև շատ դեմիգենդեր անհատներ նախընտրում են օգտագործել իրենց յուրահատուկ դրոշը, այնուամենայնիվ կա դեմիգենդերության մի ընդհանուր հպարտության դրոշ, որը բաղկացած է յոթ գույնից։ Դրոշի մոխրագույն գծերը խորհրդանշում են գենդերային կապի մասնակի կամ հատվածական բնույթը և ներկայացնում են երկիմաստության տարածքները։ Դեղին շերտը ներկայացնում է ոչ-բինար գենդերային ինքնությունը, սպիտակը՝ ագենդեր ինքնությունը:
Անդրոգինության հպարտության դրոշ
Անդրոգին անհատը նա է, ով մարմնավորում է և՛ արական, և՛ իգական որակների միախառնում՝ ներկայացնելով ոչ միանշանակ ձև: Անդրոգինիան կարող է վերաբերել կենսաբանական սեռին, գենդերային ինքնությանը և/կամ գենդերային արտահայտմանը: Անդրոգին դրոշը ստեղծվել է Tumblr-ի @saveferris օգտատիրոջ կողմից 2014 թվականի հուլիսի 24-ին: Այն բաղկացած է երեք ուղղահայաց շերտերից:
- Վարդագույնը խորհրդանշում է կանացիությունը,
- Կապույտը ներկայացնում է առնականությունը,
- Մանուշակագույնը ներկայացնում է անդրոգինությունը, որն իր մեջ ներառում է երկու գույների համադրություն։
Դեմիգըրլ անձանց հպարտության դրոշ
Դրոշը ստեղծվել է Tumblr-ի օգտատեր @Transrants-ի կողմից 2015 թվականի հուլիսին: Թեև չկան հաստատված գունային իմաստներ, սակայն կան ընդհանուր ենթադրություններ, որոնք կապված են դրոշի հետ: Դեմիգըրլ անձանց հպարտության դրոշը նպատակ ունի ներկայացնելու գենդերային չեզոքությունը, որը մի զգալի ասպեկտ է դեմիգըրլի փորձառության մեջ: Այն խորհրդանշում է գենդերային հարցադրումն ու հոսուն լինելը:
- Վարդագույնը խորհրդանշում է կանացիությունը,
- Սպիտակը խորհրդանշում է ոչ-բինար կամ ագենդեր ինքնությունները,
- Մոխրագույնը ներկայացնում է գորշ ոլորտը և մասնակի կապերը գենդերային ինքնության մեջ, ինչպես նաև ավանդական բինար սպեկտրից դուրս ավելի շատ գենդերային հնարավորության ճանաչումը:
Գեյ տղամարդկանց հպարտության դրոշ
Սա ևս մեկ ոչ այնքան հայտնի հպարտության դրոշ է: Պարունակում է կանաչի, կապույտի և մանուշակագույնի տարբեր երանգներ: Գեյ տղամարդկանց ժամանակակից հպարտության դրոշը նախկին գեյ տղամարդկանց հպարտության դրոշի վերաիմաստավորումն է՝ կապույտի մի քանի երանգներով: Այս դրոշը ներառում է ԼԳԲՏ տղամարդկանց ավելի լայն շրջան, ինչպիսիք են տրանսգենդեր, ինտերսեքս և գենդեր-չհարմարվող տղամարդիկ: Այնուամենայնիվ, գեյ տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է պարզապես օգտագործել ավանդական ԼԳԲՏ դրոշի կրկնությունը, որն ավելի շատ ներկայացնում է ամբողջ քվիր համայնքը:
Գենդերֆլյուքս անձանց հպարտության դրոշ
Գենդերֆլյուքսը կամ գենդերային հոսքը անձրևանոցային եզրույթ է, որն ընդգրկում է գենդերային ինքնությունը, որտեղ անհատի գենդերը կամ գենդերային դրսևորումների ինտենսիվությունը տատանվում է: Անձինք, որոնք նույնականանում են որպես գենդերֆլյուքս, իրենց գենդերային ինքնության շրջանակներում ապրում են ինտենսիվության տարբեր փուլեր: Գենդերֆլյուքս անձանց հպարտության դրոշի ստեղծողը մնում է անհայտ, և թեև այժմ կան դրոշի երեք նոր տարբերակներ, օրիգինալ դրոշն ամենաշատ օգտագործվողն է:
- Մուգ վարդագույնը ներկայացնում է կանանց։
- Բաց վարդագույնը ներկայացնում է դեմիգըրլ անձանց։
- Մոխրագույնը ներկայացնում է ագենդեր անձանց:
- Բաց կապույտը ներկայացնում է դեմիբոյ անձանց:
- Մուգ կապույտը ներկայացնում է տղամարդկանց։
- Դեղինը ներկայացնում է ոչ-բինար անձանց:
Այս գույները նպատակ ունեն ներկայացնել տարբեր գենդերային ինքնություններն ու փորձառությունները գենդերֆլյուքս համայնքում:
Մոխրագույն ասեքսուալության հպարտության դրոշ
Մոխրագույն ասեքսուալությունը, որը կոչվում է նաև gray-a կամ gray-ace, ինքնություն է ասեքսուալ և ագենդեր սպեկտրում, որտեղ անհատն ունենում է սեռական գրավչության հազվադեպ կամ տատանվող մակարդակներ: Դրոշը մշակվել է Միլիթ Ռուսինյուոլոյի կողմից և ներբեռնվել է Վիքիպեդիա 2013 թվականի հունիսի 21-ին: Այն բաղկացած է երեք հորիզոնական շերտերից։ Մանուշակագույն շերտը ներկայացնում է անսեռականությունը, մոխրագույնից սպիտակ գրադիենտը ներկայացնում է գրավչության փոփոխականությունը, իսկ վերջնական մանուշակագույն շերտը նշանակում է վերադարձ դեպի անսեռականության:
Հիջրաների հպարտության դրոշ
Հնդկաստանում հիջրան երրորդ սեռի պաշտոնական կարգավիճակ է: Որպես մայր աստվածուհի Բահուչարա Մատայի երկրպագուներ, ըստ իրենց, նրանց աստվածային կարողությունները կախված են իրենց անսեռականությունից: Այս ինքնությունները կատարյալ նմանակներ չունեն գենդերային և սեռական ուղղվածության դասակարգման մեջ, և նրանք մարտահրավեր են նետում սեռականության և գենդերային արևմտյան պատկերացումներին: Հնդկաստանում որոշ հիջրաներ իրենց բնորոշում են ոչ թե իրենց սեռական ուղղվածությամբ, այլ սեռականության իսպառ բացակայությամբ և նկարագրում են, թե ինչպես են ստեղծվում սուրբ ուժերը՝ վերափոխելով սեռական էներգիան: Առաջին հայտնի հիջրա դրոշը ստեղծել է HijrAnon անունով մի օգտատեր 2016 թվականին։
- Վարդագույն ֆոնը ոչ միանշանակ է, կարծես վարդագույն կամ մուգ կարմիր լինի՝ կախված նրանից, թե ինչպես ենք դա ընկալում,
- Գլխի ձևը՝ կես սպիտակ – կես կանաչավուն, խորհրդանշում է Արդհանարիշվարան (սպիտակ կեսը Լորդ Շիվան է, կանաչ կեսը՝ Պարվատին, մեջտեղի բաց կանաչը՝ Արդհանարիշվարան),
- Նրանց վզի մոտ գտնվող դեղին օղակը պատկերված է որպես վզնոց: Հնդկաստանում վզնոցները սովորաբար կրում են պաշտպանվելու և հաջողության համար, ուստի ինչ-որ կերպ նրանք ցանկանում են, որ վզնոցը պաշտպանի հիջրաներին:
Նեյտրալության հպարտության դրոշ
Գոյություն ունի նաև նեյտրալ գենդերային ինքնություն է, որը կապված է գենդերային չեզոքության կամ չեզոք սեռի հետ, որը հաճախ մեկնաբանվում է որպես անտարբերություն կամ սեռի բացակայություն (ագենդեր): Թեև ոմանք նեյտրալությունն ու ագենդերությունը օգտագործում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ այս եզրույթներն ունեն տարբեր իմաստներ՝ նեյտրալությունը վերաբերում է գենդերային ինքնությանը, որը չեզոք է՝ ո՛չ արական, ո՛չ իգական, իսկ ագենդեր նշանակում է ընդհանրապես գենդեր չունենալ: Նեյտրալության հպարտության դրոշը բաղկացած է հետևյալ գույներից՝ սպիտակը խորհրդանշում է գենդերային չեզոքությունը, չկոմնորոշված լինելը, մուգ կանաչը խորհրդանշում է կանացիության կամ տղամարդկության բացակայությունը, սևը կապված է ագենդեր լինելու հետ:
Պանգենդեր անձանց հպարտության դրոշ
Պանգենդեր անձանց գենդերային ինքնությունը չի սահմանափակվում մեկ կոնկրետ գենդերային արտահայտմամբ, այն ներառում է միաժամանակ մի քանիսը: Այն ընդունում է տարբեր գենդերային ինքնությունների անսահման ներուժը անձի կյանքում՝ ընդգրկելով նաև անհայտ սեռերի հնարավորությունը:
Պանգենդեր հպարտության դրոշը սկզբնապես առաջարկվել է Cari Rez Lobo-ի կողմից 2015 թվականին Tumblr-ում։ Դրոշը ոգեշնչված է ագենդեր հպարտության դրոշից և առանձնանում է վառ գույներով՝ խորհրդանշելու գենդերային բազմազանությունը: Դեղինը ներկայացնում է իգական և արական գենդերային արտահայտումների հետ կապ չունեցող գենդերային ինքնությունները, բաց կարմիրը նշանակում է կանացի և առնական գենդերային ինքնությունների միջև անցում, բաց մանուշակագույն-վարդագույնը ներկայացնում է կանացիությունն ու առնականությունը, իսկ սպիտակը ներկայացնում է գենդերային միասնությունը։
Համախոհ հետերոսեքսուալ անձանց հպարտության դրոշ
Համախոհ հետերոսեքսուալ (տարասեռական) ցիսգենդեր անձինքն այն անձինք են, որոնք գիտակցում են, որ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ սեռական ուղղվածության ու գենդերային ինքնության հիմքով խտրականություն է դրսևորվում։ Թեև դրոշի ծագումն անհայտ է, այն առաջացել է 2000-ականներին և միավորում է ԼԳԲՏ հպարտության դրոշի և տարասեռական անձանց դրոշի տարրերը: Դրոշը ներառում է ժամանակակից ԼԳԲՏ հպարտության դրոշի գույները, բացառելով Բեյքերի կողմից ստեղծված օրիգինալ դրոշի վարդագույնը և փիրուզագույնը: Այն խորհրդանշում է միասնություն և աջակցություն ԼԳԲՏ համայնքին: Դրոշի «A» տառը նշանակում է աջակցություն, սև և սպիտակ գծերը ներկայացնում են ուղիղ դրոշը, իսկ «A»-ի ներսի ծիածանի գույները ներկայացնում են ԼԳԲՏ համայնքը: Կարևոր է նշել, որ այս դրոշի ցուցադրումը չպետք է իրենից ենթադրի միայն զուտ սիմվոլիզմ: Իրական համախոհությունը ենթադրում է հասկանալ ԼԳԲՏ անհատների առջև ծառացած մարտահրավերները և պատասխանատվություն ստանձնել նրանց ակտիվորեն աջակցելու և պաշտպանելու համար: Դրոշի ծածանումն այնքան էլ պարտադիր պայման չէ ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար, քանի որ դաշնակից լինել նշանակում է տարբեր իմաստալից ձևերով աջակցություն առաջարկել:
Տրիգենդեր անձանց հպարտության դրոշ
Տրիգենդերը գենդերային ինքնություն է, որի դեպքում անձը փոխվում է մի քանի գենդերային ինքնությունների միջև, ներառյալ երրորդ սեռը (անսեռ, արական և իգական սեռերի խառնուրդ կամ գենդերքվիր ինքնության ցանկացած այլ տեսակ): Կախված անձի տրամադրությունից կամ միջավայրից՝ տրիգենդեր/եռասեռ անձը կարող է փոխվել մի գենդերային արտահայտումից մյուսը:
Տրիգենդեր հպարտության դրոշը մշակվել է անհայտ անձի կողմից, և առաջին հայտնի դեպքը, երբ դրոշն օգտագործվել է՝ եղել է 2015 թվականի հուլիսի 4-ին:
- Վարդագույնը նշանակում է կանացիություն և իգական սեռ,
- Կապույտը նշանակում է առնականություն և արական սեռ,
- Կանաչը նշանակում է անդրոգինություն և երրորդ/այլ սեռ:
Ինտերսեկցիոնալ հպարտության դրոշներ
Աֆրիկայի հպարտության դրոշ
Դրոշն առաջին անգամ ցուցադրվել է Յոհանեսբուրգի շքերթի ժամանակ 2019 թվականին՝ որպես առաջին համաաֆրիկյան ԼԳԲՏ դրոշ: Աֆրիկայի հպարտության հիմնադրամի (Pride of Africa Foundation) կողմից ստեղծված այս խորհրդանշական դրոշը ոգեշնչված է ազգային դրոշների բազմազան տեսականիից, որոնք ներկայացնում են Աֆրիկյան մայրցամաքի երկրները` խորհրդանշելով ԼԳԲՏ համայնքի միասնությունը ողջ Աֆրիկայում։
Քվիր ոչ սպիտակ անձանց հպարտության դրոշ
Ոչ սպիտակ քվիր անձանց հպարտության դրոշն առաջին անգամ հայտնվեց Սան Ֆրանցիսկոյի շքերթում 2019 թվականին, բայց հայտնի դարձավ 2020 թվականին “Black Lives Matter” շարժման ժամանակ: Դրոշը ցույց է տալիս, թե ինչպես են հաճախ խաչվում ռասայական հավասարության և քվիր հավասարության համար պայքարները, թեև հայտնի չէ դրոշի ստեղծման տարեթիվը և դիզայների անունը: Այն նաև հարգանք է ուղղված տրանսֆոբիայից, սեքսիզմից (սեռապաշտությունից), ռասիզմից և հոմոֆոբիայից տուժած անձանց, որոնք իրենց կյանքն անցկացրել են պայքարելով ինչպես քվիր, այնպես էլ ռասայական հավասարության համար:
Երկու հոգի ունեցող անձանց հպարտության դրոշ
Երկու հոգի ունցող անձանց հպարտության դրոշը ստեղծվել է որպես հարգանքի նշան ուղղված հյուսիսամերիկյան բնիկներին, որոնք ընդունում են ավանդական երրորդ սեռի ծիսական և սոցիալական դերերն իրենց մշակույթներում: Այն ստեղծվել է 1990 թվականին Վինիպեգում տեղի ունեցած բնիկ նույնասեռական անձանց միջազգային հավաքի ժամանակ. «երկու հոգի» տերմինը ներմուծվեց որպես «բերդաշ» նսեմացնող տերմինի ավելի հարգալից և ընդգրկուն փոխարինում։
Դրոշը ներառում է սիմվոլիկ տարրեր, ինչպիսիք են երկու փետուրները, որոնք խորհրդանշում են արական և իգական ինքնությունները, շրջանակը, որը նշանակում է այս ինքնությունների միավորումը և ծիածանի գույները, որոնք ներկայացնում են գենդերային տարբեր արտահայտությունների և սեռական ուղղվածությունների ժամանակակից ըմբռնումը «երկու հոգի» ունեցող անձանց համայնքում:
Հարականեցնող անձանց հպարտության դրոշ
Հարցականացնել սեփական սեռը, սեռական ուղղվածությունը կամ անձնական ինքնության ցանկացած ասպեկտը հասկանալու համար՝ ինքնազննման գործընթաց է: Այն ներառում է կրթություն և ուսումնասիրություն՝ պարզության և հասկացողության հասնելու համար:
Գոյություն ունեն տարբեր հարցադրման հպարտության դրոշներ, որոնք հաճախ պարունակում են հարցական նշան՝ որպես դիզայնի կենտրոնական տարր: Դրոշներից մեկ ուշագրավ տարբերակ, որը ստեղծվել է Swocks-ի կողմից, որը հայտնի ԼԳԲՏ Hangout համայնքի սեփականատերն է, ի հայտ է եկել 2020 թվականի օգոստոսի 18-ին և լայն ճանաչում է գտել: Հենց այս դրոշը պատկերում է պաստելային ֆոն՝ սպիտակ հարցական նշանով, որը խորհրդանշում է հարցադրման ուղին և ներկայացնում է հպարտությունը, որը կապված է սեփական ինքնությունն ընդունելու և ուսումնասիրելու հետ:
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCYouth #YouthVoice #DCRights #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #LGBTPeople