«Էկո բազմազանություն» նախաձեռնությունը, հանդիսանալով «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ կրթական և բնապահպանական նախաձեռնություն, այս պահանջ հայտարարությամբ հանդես է գալիս, դատապարտելու Ամուլսարի շուրջ ծավալված հակաօրինական բոլոր գործողությունները։
Ամուլսարի, որպես սարի պահպանման համար ակտիվ քաղաքացիական խաղաղ ակցիաներ են ընթանում, այդ թվում միանձնյա պայքարի ձևով՝ պահպանելու Ամուլսարը, թույլ չտալու Ամուլսարի, որպես հանք շահագործումը։ Որպես հանք շահագործումն աներևակայելի բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել ողջ Հայաստանով, հատկապես ծայրահեղ վատթարացնել ու աղտոտել ՀՀ ջրային ռեսուրսների պաշարի մեծ մասը։ Նմանօրինակներ մենք արդեն բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր հանքարդյունաբերական վայրերում։
Ակնհայտորեն, բազմիցս տեսել ենք նաև անօրինական գործողություններ, որոնք ուղղված են եղել բոլոր այն քաղաքացիներին, հատկապես ջերմուկցիներին, որոնք դեմ են Ամուլսարում հանքի շահագործմանը։ Սակայն, կառավարությունն իրեն մատնելով լռության, կարծես թե մոռանում է, որ Հայաստանում մարդիկ բարձրագույն արժեք են՝ իրենց արժանապատվությամբ, հիմնական իրավունքներով ու ազատություններով հանդերձ։
Մենք դատապարտում ենք Ամուլսարի համար խաղաղ պահանջ ներկայացնող բոլոր անձանց նկատմամաբ կիրառվող բիրտ ուժը, բռնությունները։
Ամուլսարի պահապանների, «Հայկական Բնապահպանական Ճակատ» նախաձեռնության անդամների, տեղացիների՝ հատկապես ջերմուկցիների ու շրջակա գյուղերի բնակիչների և այլոց նկատմամաբ գործի են դրվել բռնության մի շարք մեթոդներ, կասեցնելու Ամուլսարի՝ որպես սարի պահպանման խաղաղ ակցիաներն ու վերացնելու պահապան դիրքերը։ Տեղացիներն ու հանրությունը պահանջում ու փորձում են պահպանել իրենց կյանքի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները և թույլ չտալ իրենց երջանիկ լինելու իրավունքի ոտնահարումը։ Պետությունը պարտավոր է ստեղծել մեխանիզմներ, պաշտպանելու մարդուն որպես բարձրագույն արժեքի, որպես ՀՀ քաղաքացու, որպես հեղափոխականի։
Ոստիկանական, Լիդիանի պահնորդական, քաղաքացիական այլ անձանց կողմից դրսևորած գործողությունները, որոնք արտահայտվում են նաև բռնությունների տեսքով, չունեն արդար մղում և ակնհայտորեն հետապնդում են այլ շահեր։ Նմանօրինակ գործողությունները ոտնահարում են մի շարք անձանց իրավունքները։
«Էկո Բազմազանություն» նախաձեռնությունը հայտնում է իր սոլիդարությունն ու զորակցությունը Ամուլսարի բոլոր պահապաններին, և ներկայացնում իր դիրքորոշումը՝ Ամուլսարի, որպես սարի պահպանման վերաբերյալ։
Միանալով պահապանների պահանջին, հորդորում ենք կառավարությունը, այդ թվում՝ ԱԺ ներկայացուցիչներին, կոտրել քաղաքական բոլոր այն պատնեշները, որոնք խոչընդոտում են իրենց ազատ ու անկախ դիրքորոշմանը, չպահպանել լռություն, ներկայանալ հստակ դիրքորոշմամբ, որը չի կարող հակասել ժողովրդի շահերին և չի կարող չներկայացնել ժողովրդի ազատ կամքն ու արժանապատիվ որոշումը։ Մյուս կողմից, ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։
Սարի պահապանների դիրքորոշումն արդար է, որը բխում է իրենց, իրենց երեխաների իրավունքներից, կայուն ապագայի ու կենսակայուն զարգացման մոտեցումներից։
Հիշեցնենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Ամուլսարի նկատմամաբ իշխանությունը պատկանում է միմիայն ժողովրդին։