«Կանխարգելման կրթություն» ծրագրի շրջանակում 2024թ. սեպտեմբերի 24-28-ը «Բազմազանություն» հասարակական կազմակերպությունը 5 դասընթացներ իրականացրեց  ԼԳԲՏՔ+ համախոհ բժիշկների և մասնագետների հետ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին։

Առաջին օրն իրականացվեց դասընթաց վարակաբան բժշկի հետ, որը մասնակիցներին տեղեկացրեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առավել կարևոր կողմերի մասին: Մասնակիցներին ներկայացվեց ՄԻԱՎ-ի պատմությունը, և նրանք ստացան օրգանիզմում վարակի զարգացման փուլերի, իմունային համակարգի ախտահարման մասին տեղեկություն։ Մասնագետը նաև կիսվեց ՄԻԱՎ-ից պաշտպանվելու հիմնական միջոցներով: Բացի այդ, նա ներկայացրեց Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները և ներկայացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտության և հակառետրովիրուսային թերապիայի առկայությունը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ախտորոշվածների հետագա դիտարկումը:

Երկրորդ դասընթացի ընթացքում մասնակիցները հանդիպեցին մաշկաբանի հետ, որը խոսեց սեռավարակների մասին, որոնք փոխանցվում են մաշկի հետ շփման միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով սիֆիլիսին: Մասնակիցներին ներկայացվեց որոշ վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են Հայաստանում սիֆիլիսի դեպքերի կտրուկ աճի մասին: Բացի այդ, ցույց տրվեցին որոշ օրինակներ, թե ինչպես կարող է սիֆիլիսը դրսևորվել մարդու մարմնի տարբեր հատվածներում: Մաշկաբանը խոսեց վարակի կանխարգելման եղանակների և այն մասին, թե ինչպես կարելի է տարբերակել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մաշկային դրսևորումները այլ պայմաններից:

Երրորդ դասընթացի ժամանակ մասնակիցները հանդիպեցին գինեկոլոգի, որը խոսեց կանանց սեռական և վերարտադրողական առանձնահատկությունների մասին՝ կապված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետ, կոտրեց սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին առասպելները և կարծրատիպերը և պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին՝ կապված վերարտադրողական առողջության հետ:

Չորրորդ հանդիպմանը «Բազմազանություն» ՀԿ-ն հրավիրել էր «Բժիշկներ առանց սահմանների» Հայաստան հասարակական կազմակերպությանը: Նրանց մասնագետները մանրամասն ներկայացրեցին հեպատիտ B և C վարակները, ներառյալ դրանց տարբերությունները և ազդեցությունը մարդու առողջության վրա: Մասնակիցները տեղեկացվեցին կանխարգելման մեթոդների, հեպատիտի սկրինինգի և պատվաստումների կարևորության, ինչպես նաև հեպատիտ C-ի բուժման տարբերակների մասին: Անցկացվեց ինտերակտիվ խաղ, որի ընթացքում մասնակիցները տեղեկացան հեպատիտի փոխանցման տարբեր ուղիների և վարակի ռիսկի տարբեր աստիճանների մասին:

Եզրափակիչ` 5-րդ դասընթացի ժամանակ սեքսոլոգը մանրամասն ներկայացրեց սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և դրանց ազդեցությունը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա և իհարկե, առանձնահատկությունները սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և հիվանդությունների վերաբերյալ։ Մասնակիցները ևս կարևորեցին պաշտպանված սեքսը և կանոնավոր բժշկական զննումներն ու հետազոտությունները:

Բոլոր 5 դասընթացների ընթացքում մասնակիցներն ակտիվորեն տվեցին իրենց հարցերը և ստացան խորը և մանրամասն պատասխաններ: Նրանց տրամադրվեցին նաև մասնագետների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում հետագա խորհրդակցությունների համար:

Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացվեցին «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ի կողմից, «Կանխարգելման կրթություն» ծրագրի շրջանակներում, «Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակությամբ։

 

#DiverCityNGO #DCNGO #DCTrainings #ECOM #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #ԲՍՄԻԴասընթացներ #ԷԿՈՄ #EducationForPrevention #կանխարգելմանկրթություն

Loading