Ինչու «բանը» դարձավ խոսք, և որն է խոսքի ու լեզվի տարբերությունը։ Ինչու են խոսքի մշակույթում ձեռք բերվել նաև ատելության երանգներ ու նպատակ հետապնդում խտրականացնելու։
Հին հայ քերականության մեջ «բանը» խոսքն է (կամ խոսել)։ Օրինակ «բանբեր» բառը նշանակում է խոսք բերող։ Խոսքը՝ լեզվի, որը խոսողական ունակությունների ընդհանուր համակարգ է, օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նիշերի, կոնկրետ անհատական իրացումն է:
Պարզ է, որ խոսքի միջոցով կարող ենք փոխանցել, տեղ հասցնել ցանկացած միտք, գաղափար։ Հաճախ մտքերը նպատակաուղղված են, ինչը ցանկալի չէ ատելության խոսքի դեպքում։ Նախ, ինչ է ատելության խոսքը և որն է խոսքի ազատության ու ատելության խոսքի այն նուրբ սահմանը, որն այդքան խնդրահարույց է։
Իրավապաշտապան Արման Ղարիբյանի հետ հարցազրույցում պարզեցինք ատելության խոսքի հետ կապված մի քանի հարցեր։
-Ատելության խոսքը գրավոր կամ բանավոր խոսքն է, կամ նույնիսկ խոսքի այլ արտահայտման ձևերը, օրինակ նկարչության կամ երաժշտության ձևերը, որը խիստ բացասական վերաբերմունք է արտահայտում և ատելություն է սերմանում որևէ անձի կամ անձանց խմբի նկտմամբ, պայմանավորված կրոնով, սեռով, գենդերային ինքնությամբ, ազգային հատկանիշներով, սեռական ուղղվածությամբ, հաշմանդամությամբ և այլ սոցիալական հատկանիշներով,- նշում է իրավապաշտպանը հավելելով, ատելություն քարոզելու չորս տեսակները․ հրահրում, տարածում, խրախուսում և արդարացում։
-Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, և ենթակա է սահմանափակման, ուստի խոսքի ազատությունը պետք պետությունը սահմանափակի բոլոր այն դեպքերում, երբ այն վնասում է երրորդ անձանց կամ խախտում է նրանց իրավունքները։ Սա սահմանված է նաև Մարդու Իրավունքների Եվրպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով, որտեղ ասվում է հենց այս մասին, հիմքերից մեկը բերելով այլ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակը։ Ուստի խոսքի ազատությունը․․ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը տեղավորվում է վերոնշյալ ատելության խոսքի սահմանման մեջ, նորից նշեմ, ատելություն է սերմանում կամ խիստ բացական վերաբերմունք արտահայտում անձի կամ անձանց խմբի նկատմամբ նշյալ հիմքերով, այլևս խոսքի ազատության իրավունքով պաշտպանվող խոսք չէ, հետևաբար պետությունը կարող է և պետք է այն սահմանափակի։
Անդրադառնանք Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիային։
10-րդ հոդվածը սահմանում է արտահայտվելու իրավունքը․
«Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, եռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում»։
Հոդվածի 2-րդ մասով խոսվում է սահմանափակումների, պատժամիջոցների մասին․
«Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Այս հատվածում կարևոր է խոսել ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային փորձի մասին։ Կան արդյոք երկրներ, որոնք սահմանափակում են ատելության խոսքի դրսևորումները։ Այս հարցին ևս իրավապաշտպան Արման Ղարիբյանն անդրադառնում է։
-Ատելության խոսքը սահմանափակված է մի շարք երկրներում։ Որոշներում նախատեսված են քրեական պատասխանատվության, որոշներում վարչական տույժերի մոտեցումը։ Օրինակ 2011թ․-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում դատարանը արգելել է կատարել “Dubula Ibhunu” վերնագիրը կրող երգը (ուշադրություն դարձնենք, որ խոսքը երգի մասին է), որի վերնագիրը թարգմանաբար նշանակում է «Սպանել բոըրին»։ Բոըր անվանում են ՀԱՀ-ում բնակվող հոլանդական ծագում ունեցող էթնիկ խմբին։
Դատարանն արգելել է կատարել այս խմբի դեմ ատելություն քարոզող երգը, քանի որ այս երգով քարոզվում էր սպանել մարդկանց այս ցեղատեսակին։
Չինաստանում էթնիկ ատելություն սերմանելը պատժվում է ազատազրկմամաբ 6 ամից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե այս գործողությունները լուրջ հետևանքներ են առաջացրել, արդեն 10 տարի ժամկետով։
Սերբիայում արդելված է էթնիկական, ռասայական կամ կրոնական հիմքերով ատելություն հարուցելը։ Այս դեպքում պատիժը լինում է նվազագույնը՝ կես, առավելագույնը՝ 10 տարի ժամկետով։
Երկրների օրինակները կարող ենք շարունակել։ Ռուսաստանում ևս ատելություն կամ թշնամանք հարուցելը արգելվում է, ինչպես նաև որևէ անձին կամ խմբին ստորացնելը, պայմանավորված սեռով, ռասայով, ծագումով, կրոնով, ինչպես նաև որևէ սոցիալական խմբին պատկանլիությամբ։ Այս դեպքում պատիժը մեծ քանակությամբ տուգանքն է։ Կամ Ֆինլանդիայում արգելվում է հրապարակել որևէ տեղեկատվություն և կարծիք, որը սպառնում կամ վիրավորում է որևէ խմբի պայմանավորված ռասայով, ազգային, էթնիկ պատկանելիությամբ, կրոնով կամ հավատով, սեռական ուղվածությամբ կամ հաշմանդամությամբ։ Պատիժը տուգանքն է, կամ մինչև 3 տարի ազատազրկումը։
Դանիայում արգելված է այն հանրային հայտարարությունը, որը սպառնում, վիրավորում կամ ստորացնում է որևէ խմբի, պայմանավորված սեռով ռասայով, էթնիկ պատկանելիությամբ, սեռական ուղվածությամբ կամ հավատքով։ Պատժվում է տուգանքով կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ։ Ինչ վերաբերում է Չիլիին, այստեղ սոցիալական հաղորդակցության ցանկացած միջոցով, որևէ անձի կամ խմբի նկատմամբ ատելություն հարուցելու միտումով արված հրապարակման դեպքերը պատժվում են տուգանքով։ Երկրների ցանկը շարունակվում է, սա բարեբախտաբար ամբողջական երկրների ցանկը չէ։ Պարզապես մի քանի օրինակներ տարբեր մայրցամաքներից, ցույց տալու համար, որ ատելության խոսքի դեմ պայքարը միայն մեկ աշխարհաքաղաքական մոտեցում չէ։
Կարևոր է նաև խոսել ատելության հրահրման մասին։ Այս դեպքում անհրաժեշտորեն չի նշանակում կոչ անել բռնություն գործադրելու կամ այլ քրեական արարքներ գործելու: Հասարակության հատուկ խմբերի դեմ վիրավորանքով, զրպարտությամբ ու ծաղրով հարձակումները կարող են բավարար լինել իշխանությունների համար անպատասխանատու կերպով գործածվող խոսքի դեմ պայքարելու համար: Այս առումով դատարանը սեռական ուղղվածության հիմքով խտրականությունը համարում է նույնքան լուրջ, որքան ռասայի, ծագման կամ մաշկի գույնի հիմքով:
Անդրադառնանք՝ ինչ վիճակ է Հայաստանում։ ՀՀ-ում ատելության խոսքի հետ կապված չարաշահումները համատարած են։ Օրինակ մեդիա դաշտում կամ սոցիալական ցանցերում, հատկապես ֆեյսբուքում։ Շատ հաճախ մարդիկ չունեն սոցցանցերից օգտվելու մեդիա գրագիտություն, որն էլ պատճառներից մեկն է ատելության խոսքի տարածման համար։ Հատկապես ատելության խոսքի տարածում նկատում ենք սոցցանցերում կամ դասական մեդիաներում, բայց դրանք հիմնականում վերցված են կամ հիմնված են այլոց խոսքի վրա։ Այսինքն քիչ են այն լրագրողները, որոնք իրենք են տարածում ատելության խոսքը, բայց սա չի նշանակում, որ չկան նման լրագրողներ։ ԶԼՄ-ները երբեմն ատելության խոսքի տարածողն են, երբեմն դրանց զոհը։ Այնուամենայնիվ, ատելության խոսքի դեպքում մեդիան պետք է պատասխան կրի։ Այստեղ ինչն է հարցը, որ, օրինակ ՀՀ քրեական օրենսգրքով թե՛ ատելության քարոզումը, թե՛ թշնամանք հարուցելը արգելված է, բայց այն խմբերը, որոնք պետք է մտնեն պաշտպանված խմբերի մեջ՝ չկան կամ լիովին պաշտպանված չեն։ Մենք կարիք ունենք ատելության խոսքի մասին օրենքի, որովհետև, եթե դու պատկանում ես որևէ առանձին խմբի և այդ խմբի նկատմամբ վիրավորանք է լինում, դու չես կարող վիրավորանքի մասին ՀՀ ՔՕ այդ հոդվածով դատարան դիմել, որովհետև վիրավորանքը պետք է լինի շատ ուղիղ ու հասցեական, այսինք քեզ պետք է ուղղված լինի, որ դատարանը պատժի ենթարկի։ Իսկ ատելության խոսքի դեպքում պաշտպանության տակ է մտնում խումբը, ու որպես տվյալ խմբին պատկանող, դու կարող ես պաշտապանել քո իրավունքները։ Սա ատելության խոսքի ու վիրավորանքի տարբերակումներից մեկն է։
Ատելության խոսքն ընդհանուր առմամբ տարածված է համացանցում և հասարակության, գուցե ոչ այն պաշտպանված խմբերի նկատմամբ, որոնց մենք գիտենք տարբեր երկրների օրինակներից, բայց անգամ օրինակ քաղաքական հայացքների համար մարդու նկատմամբ ատելության խոսք կամ վիրավորանքներ շատ են հնչում համացանցում և դրանից դուրս։ Ցավոք սրտի, ներկային իշխանությունները ոչինչ չեն անում պատժի միջոցներ սահմանելու համար, ասեմ ավելին, ինչ-որ մի պահի անգամ խրախուսվում էր ատելության խոսքը, պարզապես դա այն ատելությունը չէր դասական իմաստով, ուղղված չէր անձին, զուտ խմբային պատկանելիության հիմքով էր։ Օրինակ կարող ենք նշել նաև, որ նախկին իշխանություններին՝ իրենց քաղաքական կամ կուսակցական պատկանելիության համար ևս ուղղվել են ատելության խոսքեր, կամ իրականացվել են վերբալ բռնություններ և դա մինչև օրս շարունակվում է։ Բայց կուսակցական լինելը չի մտնում պաշտպանված հիմքերի մեջ և նախկին իշխանությունները պաշտպանություն չեն կարող ակնկալել։
Այսպիսով, վերադառնանք և փորձենք հակիրճ ներկայացնել, թե ատելության խոսքի հետ կապված ինչ օրինական կամ հասարակական բացեր ու խնդիրներ ունենք Հայաստանում։
Ամենաառաջին բացը ատելության խոսքն արգելով օրենքի բացակայությունն է։ Խնդրին առնչվող հարակից և օժանդակ իրավական կարգավորումների բացակայությունը կամ չկիրարկումը։ Միջազգային փորձի, մեր իրավական իրականության մեջ չփորձարկումը։ Նախադեպերի պակասը։ Այնուհետև հենց հասարակական մտածելակերպում արմատացած ատելության խոսքը, հասարակությունում սերմանվող և արմատացած բռնության մշակույթը՝ տարբեր խմբերի նկատմամաբ, ՀՀ Սահմանադրության հակախտրականության մասին հոդվածով պաշտպանված գրեթե բոլոր հիմքերով, սակայն առավել ցայտուն հատկապես կրոնական այլ խմբերի և նույնասեռական, երկսեռական, տրանս և այս սեռական ուղվածություն և գենդերային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ։ Թերևս, բացերը շատ են, և ՀՀ-ն շատ աշխատանք ունի անելու պետական և հասարակական մակարդակում ատելության խոսքն արմատախիլ անելու համար։ Եվ այս պարագայում կարևոր է հիշել Կոնֆուցիոսի այս միտքը. ՙՙԵթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են՚՚։
Հեղինակ | Արտակ Ադամ
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO