Ավելի քան մեկ տարի է անցել երիտասարդ նույնասեռական զույգի՝ Արսենի ու Տիգրանի ինքնասպանությունից։ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին երիտասարդ նույնասեռական զույգն ինքնասպան եղավ հոմոֆոբիայի ու ընտանեկան բռնության ու ճնշումների պատճառով։ Նրանք ցած նետվեցին Դավթաշենի կամրջից, իսկ նրանց ինքնասպանության մասին խոսեցին տասնյակ մեդիաներ, լուրն արագորեն տարածվեց, հարյուր հազարավոր մարդիկ ցավեցին, իսկ ավելին՝ տոնեցին նրանց ինքնասպանությունը։
Նախորդ տարի, «Բազմազանություն» ՀԿ-ն անդրադարձավ բազում մեկնաբանությունների, որոնք հավաքագրել էր սոցիալական մեդիա ցանցերից, հարթակներից ու ալիքներից, և հրապարակեց դրանցից մի քանի տասնյակը։
Ավելի քան մեկ տարի է անցել, սակայն մենք հիշում ենք ու երբեք չենք մոռանալու նույնասեռական զույգի սիրո ցավագին ավարտը։ Այդ կապակցությամբ, հենց նույնը օրը՝ հոկտեմբերի 20-ին, կազմակերպությունն իրականացրեց միջոցառում, որի մտահաղացման հեղինակը նույնասեռական անձի ծնող էր։
Ծնողի հետ հանդիպումն իրականացավ ԼԳԲՏՔ+ և համախոհ անձանց մասնակցությամբ, տևեց ավելի քան երկու ժամ, որի ընթացքում ծնողը կիսվեց իր կենսափորձով, թե ինչպես է կարողացել բարելավել իր ու երեխայի հարաբերությունները, ընդունել ու աջակցել նրան, ներգրավել այլ ծնողների հետ աշխատանքի գործընթացներում։
Մյուս կողմից, նույնասեռական անձի մայրն անդրադարձավ զույգի ինքնասպանությանը՝ ցավակցություն հայտնելով դեպքի առթիվ, անդրադարձավ ինքնասպանություն գործած անձի՝ Արսենի մայրիկի բռնության կոչերին, որն ուղղվել էր հանրայնորեն՝ սոցիալական ցանցում և բացառելով բռնությունը ծնող-երեխա հարաբերություններում՝ ներկայացրեց մոտեցումներ ու խորհուրդներ ծնողավարության համար։
Հանդիպման ավարտին քննարկում ծավալվեց, որի ընթացքում մի շարք հարցեր հղվեցին ծնողին ու հնչեցին պատասխաններ, մեկնաբանություններ։
Հանդիպումը տեղի ունեցավ «Բազմազանություն» ՀԿ-ի գրասենյակում։

Loading